Մի՞թե Արարատ Միրզոյանը չի կարողանում լեզուն պտտել, ավելին ասել՝ ի պաշտպանություն Արցախի, Հայաստանի. Վարդան Օսկանյան (տեսանյութ)

«Արարատ Միրզոյանի ելույթը կարելի էր համարել ինչ-որ չեզոք միջազգային կազմակերպության ներկայացուցչի զեկույց, որում պարզապես կոչ է արվում անվտանգության խորհրդի անդամներին ինչ-որ քայլեր անել և ապահովել Արցախի բնակչության անվտանգությունն ու իրավունքները»,-  ֆեյսբուքյան ուղիղ եթերում  ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում Արարատ Միրզոյանի ելույթին:

«Չէ՞ր կարող ասել, որ Արցախի ժողովուրդը չի կարող Ադրբեջանի սովորական քաղաքացի լինել, ինչպես Ադրբեջանի ԱԳՆ-ն է պնդում, չէ՞ր կարողանում ասել, որ այս ժողովուրդը, տարածքը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չեն եղել, չէիր կարողանում ասել, որ սովետական տարիներին Արցախն ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ, որ երեսուն տարի ժողովրդավար համակարգում են ապրել, 5-րդ նախագահ են ընտրել, մինչդեռ Ադրբեջանում իշխանությունը ժառանգաբար է փոխանցվում. այդտեղ նստածներն այդ լեզուն են հասկանում, խոսեիր այդ մարդկանց հասկանալի լեզվով, խոսեիր ժողովրդավարությունից, արցախցիների իրավունքներից, ինքնորոշման իրավունքից։ Չէի՞ր կարող ասել, որ այդ ժողովուրդը նվազագույնը ինքնավարության իրավունք ունի»: