Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին դեպի Երևան

Քիչ առաջ Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը միացավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթին դեպի Երևան։

«Սա հանուն մեր իրավունքների պայքար է, գոյաբանական պայքար։ Այն, ինչ տեղի է  ունենում, սահմանազատում չէ, սա անօրինական գործընթաց է, միջազգային որևէ համակարգի պահանջի չի համապատասխանում, մեր երկրի անվտանգության համակարգը խաթարող պրոցես է»,-ասաց Թաթոյանը։
Նրա խոսքով, պրոցեսն իրականացնող հանձնաժողովները գործունեության որևէ իրավական հիմք չունեն։

Արման Թաթոյանն ընդգծեց՝ նաև այստեղ է, քանի որ խիստ արատավոր պրոցես է սկսվել Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։

«Մենք տեսանք, թե ինչպես խորհրդարանում կառավարող խմբակցության անդամները բացահայտ կերպով թիրախավորում են եկեղեցուն, Սրբազան հորը՝ Բագրատ Սրբազանին։ Բացի այն, որ նրանք գործում են իրենց իսկ իշխանության տարիներին ընդունած քրեական օրնսգրքով նախատեսված հանցանքներ, դրանով հարվածում են Հայ առաքելական եկեղեցու հիմքերին, ինչը դատապարտելի և անընդունելի է»,-ասաց նա։