Պետքարտուղարությունը չի մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի այցը օկուպացված Արցախ

ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլլերը հրաժարվել է մեկնաբանություն տրամադրել այն հարցին, թե ինչպես է գնահատում Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մարկ Լիբբիի «առաջին այցը Ղարաբաղ» և ինչ ակնկալիքներ ունի մայիսի 10-ին Ալմաթիում (Ղազախստան) կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից:

«Այդ առիթով որևէ մեկնաբանություն կամ ակնկալիք չունեմ [հայտնելու համար]», – ասել է Միլլերը՝ պատասխանելով պետքարտուղարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողի հնչեցրած հարցին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությունը երեկ հայտնել է, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մարկ Լիբբին իր տիկնոջ հետ այցելել է Ղարաբաղ և Ֆիզուլի:

«Շատ ուրախ եմ, որ այսօր Շուշայում եմ: Մենք գրեթե երկու ամիս պատրաստվել ենք այս այցին, և ուրախ եմ, որ այն վերջապես կայացավ: Շնորհակալություն հյուրընկալության համար: Անհամբեր սպասում եմ շարունակել իմ ճանապարհորդությունները Ադրբեջանում»,- հայտնել է դեսպան Լիբբին X սոցիալական հարթակի` Բաքվում ԱՄՆ-ի դեսպանության էջի միջոցով: