Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Շարժումը շարունակում է երթը դեպի Երևան․ օր 4

ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի մատույցներից մայիսի 7-ին շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման երթը դեպի Երևան, որը մայիսի 4-ին մեկնարկել է սահմանամերձ Կիրանցից՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ։

«Այս շարժումը ո՛չ իմ, ո՛չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք,-երթի մասնակիցների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը։- Կուռք սարքելու պատճառով ենք մենք այսօր հայտնվել փողոցում, դա պետք է մեր մտքից սրբվի մինչև վերջ։ Մենք գործիքներ ենք, ամեն մեկս մեր չափով:

Ոչ ոք պետք է ամբարտավանություն չունենա, հպարտություն չունենա, այն կեղծ խոսքը չունենա, թե՝ ես արեցի: Ոչ մի բան էլ դու չես արել: Էստեղ գտնվողներիդ եմ ասում՝ ոչ մի բան էլ դուք չեք արել: Եթե մենք միջոնց ու գործիք չլինենք, ոչ մի բան չի լինելու: Բայց դա մենք չենք անում, մեր մեջ եղածն է, որ Աստված արթնացնում է»,- ասել է նա:

Ակցիային միացել են ընդդիմադիր բազմաթիվ քաղաքական ուժեր, հասարակական գործիչներ, գիտության ու արվեստի գործիչներ։ Նրանք դեմ են Ադրբեջանի հետ պետական ​​սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում Հայաստանի միակողմանի զիջումներին, ընդհանրապես իշխանությունների քաղաքականությանը։

Դեպի Երևան երթի այսօրվա առաջին գլխավոր կանգառը սպասվում է, որ կլինի Կոտայքի մարզի վարչական կենտրոն Հրազդան քաղաքը։

Արդեն մայիսի 8-ին ցուցարարները մտադիր են լինել Աբովյանում, որտեղ իրենց համախոհները կժամանեն նաև Հայաստանի երկրորդ քաղաքից՝ Գյումրիից։ Դեպի Երևան երթի մասնակիցները մտադիր են մինչև մայիսի 9-ի կեսօր հասնել Հայաստանի մայրաքաղաքի Հանրապետության հրապարակ և մանրամասն պահանջներ ներկայացնել իշխանություններին։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են իրականացնում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

Զուգահեռ իրականության մեջ Հայաստան-Ադրբեջան սահմանին արդեն շուրջ 40 սահմանային սյուն է տեղադրվել:

Կիրանց տանող ճանապարհը բացվել է մայիսի 3-ին։