Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում

Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանն առաջարկված համաձայնագիրը ենթադրում է Գազայի հատվածում պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակում՝ կայուն հրադադարի դիմաց։ Այս մասին հաղորդել են Al Jazeera-ն և Al Araby Al Jadeed պարբերականը։

Համաձայնագիրը բաղկացած է երեք փուլից՝ յուրաքանչյուրը 42-ական օրով։

Առաջին փուլում ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի 33 պատանդների, մասնավորապես՝ կանանց, երեխաներին, ծերերին ու հիվանդներին, ինչպես նաև հանձնի զոհվածների մարմինները՝ Գազայի հատվածի առանձին շրջաններից իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերման, հետախուզական թռիչքներն օրական 10 ժամով դադարեցնելու, ամբողջ անկլավով պաղեստինցիների ազատ տեղաշարժի և հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց:

Երկրորդ փուլը, որի մանրամասներն ամբողջությամբ չեն բացահայտվել, պետք է ներառի Գազայում «երկարատև հանդարտության շրջան» և մնացած պատանդների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց ու Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների ազատ արձակում:

Երրորդ փուլում, փաստաթղթի համաձայն, պետք է սկսվի Գազայի վերականգնման` 3-5 տարի ժամկետով պլանը։

Ըստ Al Jazeera լրատվամիջոցի՝ ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիյեն հայտարարել է, որ խմբավորումն ընդունել է Կատարի և Եգիպտոսի միջնորդների կողմից առաջարկված հրադադարի առաջարկը, սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ առաջարկը չի բավարարում Իսրայելի պահանջները․ Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե՝ բանակցությունների։ Միևնույն ժամանակ՝ Ռաֆաhում ռազմական գործողությունները կշարունակվեն։