ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի 83-րդ նիստի շրջանակներում

Հոկտեմբերի 12-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի (CEDAW) 83-րդ նիստի շրջանակներում «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցի առցանց դիտարկման ընթացքում: Այս մասին հայտնումեն ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

Պաշտպանը հանդես է եկել ելույթով և ներկայացրել «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Պաշտպանի հաստատության արձանագրումները։

Իր ելույթում Պաշտպանը անդրադարձել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի ձևավորմանը՝ միտված կանանց օրակարգի առաջմղմանը:

Գրիգորյանը ներկայացրել է նաև սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանցի զինվորականների կողմից հայ կին զինծառայողների նկատմամբ առանձնակի դաժանությամբ իրականացրած պատերազմական հանցանքները՝ պայմանավորված ազգային և գենդերային ատելությամբ, և նշել, որ առավել մտահոգիչ են ադրբեջանցիների կողմից այդ հանցանքները պատկերող տեսանյութերի տարածումը սոցցանցերում։ Նշել է, որ այս սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա ադրբեջանական ագրեսիան անհամաչափորեն ծանր է ազդել հատկապես կանանց ու աղջիկների վրա, ներառյալ հաշմանդամություն ունեցողներին։

-Անդրադառնալով Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտի զարգացումներին, առկա խնդիրներին և օրենսդրական բացերին՝ Պաշտպանը հանդես է եկել կոնկրետ առաջարկություններով, ի թիվս այլնի.

-Ընդունել խտրականության արգելքի համապարփակ օրենսդրություն և սահմանել ինստիտուցիոնալ մեխանիզմներ,

-Վերանայել ՀՀ քրեական օրենսդրությունը՝ առանձին հանցակազմերով քրեականացնելով գենդերային բռնության բոլոր տեսակները, ներառյալ՝ հետամտումը, ինչպես նաև ընդլայնել բռնություն զոհերի պաշտպանության ընթացակարգային երաշխիքները՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան,

-Հրապարակել միասնական, համապարփակ և համակարգային վիճակագրական տվյալներ ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ;

ապահովել բավարար թվով ապաստարանների և պետության կողմից տրամարդվող ծառայությունների հասանելիությունը ՀՀ ամբողջ տարածքում, ներառյալ հաշմանդամություն ունեցող կանանց համար բավարար հասանելիություն;

-ձեռնարկել կոնկրետ միջոցներ՝ խթանելու կանանց քաղաքական և տնտեսական մասնակցությունը, ներդրնելու գենդերազգայուն բյուջետավորման պրակտիկա, շարունակելու բարձրացնել գենդերային քվոտաները` հատուկ ուշադրություն դարձնելով իրավապահ մարմիններին,

-մշակել աշխատավայրում սեռական ոտնձգությունների արձագանքման արդյունավետ օրենսդրություն,

ընդլայնել առողջապահական ծառայություններին կանանց հասանելիությունը առանց որևէ խտրականության՝ այդ թվում նաև բուժաշխատողների վերապատրաստման միջոցով;

-տրամադրել թիրախավորված պետական աջակցություն, այդ թվում` հոգեկան առողջություն պահպանման ոլորտում, տեղահանված կանանց և աղջիկներին: