Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից

Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան կապող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կբացվի վերակառուցումից մոտ երկու շաբաթ անց։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Վրաստանյան bpn լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «Ադրբեջանական երկաթուղիներ»-ի ղեկավար Ռովշան Ռուստամովի խոսքով, երկաթուղագիծն ամբողջությամբ կշահագործվի մայիսի 20-ից։

Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը շահագործման է հանձնվել 2017 թվականի հոկտեմբերի 30-ին։ Ծրագրի շրջանակներում կառուցվել է Կարս-Ախալքալաք 98 կմ երկարությամբ երկաթգիծը, որից 68 կմ-ն անցնում է Թուրքիայի տարածքով, 30 կմ-ը՝ Վրաստանի տարածքով։ Բացի այդ, ծրագրի շրջանակներում իրականացվել է Ախալքալաք-Թբիլիսի 183 կիլոմետրանոց հատվածի վերակառուցումը։ Մայրուղու վրացական հատվածի աշխատանքները ֆինանսավորել է Ադրբեջանը, որը Վրաստանին 775 մլն դոլարի չափով երկու արտոնյալ վարկ է տվել:

Անցյալ տարվա գարնանն արդիականացման պատճառով նշված երկաթուղային ճանապարհով երթևեկությունը դադարեցվել էր։ Արդիականացումից հետո բեռնափոխադրումների ծավալը նախատեսվում է ավելացնել հինգ անգամ։ Բացի այդ, ենթադրվում է, որ առաջին փուլում բեռնաշրջանառությունը կհասնի տարեկան 6,5 մլն տոննայի, իսկ ուղևորների թիվը կհասնի մինչև մեկ միլիոն մարդու։