Ինչո՞ւ ԱՄՆ-ը խախտեց չեզոքությունը․ ինչո՞ւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լիբբին այցելեց օկուպացված Շուշի և Ֆիզուլի․ 168․am

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մարկ Լիբբին, ով օրերս բացառել էր իր այցն Արցախի գրավյալ Շուշի քաղաք, այսօր իր կնոջ հետ այցելել է Շուշի և Ֆիզուլի։ Այս մասին այսօր հայտնել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանատունը։ Ադրբեջանական ԶԼՄ-ներն իրական շոուի են վերածել Լիբբիի այցը` շեշտելով հատկապես այն հանգամանքը, որ սա ԱՄՆ առաջին դեսպանի այցն է Արցախի գրավյալ Շուշի և Ֆիզուլի քաղաքներ։

Ադրբեջանական լրատվամիջոցները վերջերս թիրախավորման տակ առան նաև դեսպան Լիբբիին, ԱՄՆ նախորդ դեսպան Լիցենբերգերի նման, քանի որ նա ևս հրաժարվում էր այցելել Շուշի և մնացած գրավյալ տարածքներ՝ այլ դեսպանների նմանությամբ, որն Ալիևյան իշխանությունը վերածել է իրական շոուի։ Գաղտնիք չէ, որ բոլոր առանցքային հյուրերին, երկրների ղեկավարներին, դեսպաններին, կազմակերպությունների ղեկավարներին, փորձագետներին Ալիևը «ցույց է տալիս» Շուշին և գրավյալ տարածքներն ադրբեջանական կողմից։

ԱՄՆ-ը 44-օրյա պատերազմից հետո, ըստ էության, մերժում էր Ալիևի այս «շոուն»` հաշվի առնելով հարցի զգայունությունը Երևանի համար, ինչպես նաև հակամարտության չկարգավորված վիճակը։

Ավելին՝ մայիսի 3-ին ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում դեսպան Լիբբին հայտնել էր, թե ինչու է հրաժարվում Շուշի այցելելուց։

«Ակնհայտ է, որ վերադարձված տարածքները մի փոքր տարբեր են։ Մի քիչ ավելի շատ համակարգում է պահանջվում։ Բայց ես չեմ ուզում գնալ ինչ-որ տեղ՝ ինչ-որ մեկի շոուին մասնակցելու համար։ Այնպես որ՝ երբ ժամանակը գա, ես դա կանեմ»,- ասել էր Լիբբին՝ հավելելով, որ դրան պատրաստ չէ։ Սրանով  Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լիբբին դարձավ ադրբեջանական մամուլի թիրախավորման օբյեկտը։ Սակայն մի քանի օրերի ընթացքում ԱՄՆ որոշումը փոխվեց, և դեսպան Լիբբին տիկնոջ հետ այցելեց Շուշի։

Հիշեցնենք, որ Ալիև-Բլինքեն հեռախոսազրույց էր տեղի ունեցել ապրիլի 28-ին, որը մեծ աժիոտաժ և ոգևորություն էր բարձրացրել հայաստանյան արևմտամետ շրջանակներում։ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի փոխանցմամբ՝ Բլինքենը շնորհակալություն էր հայտնել Ալիևին անցյալ շաբաթվա հայտարարության համար, համաձայն որի՝ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են ընդունել 1991թ. Ալմա Աթայի հռչակագիրը՝ որպես սահմանազատման հիմք, և ընդգծել էր դրա կարևորությունը երկու կողմերի համար՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար: Պետքարտուղարն Ադրբեջանի նախագահին կոչ էր արել շարունակել երկխոսությունը հայ գործընկերոջ հետ՝ վերահաստատելով ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու այդ ջանքերին։ Պետքարտուղար Բլինքենը նաև կրկին կոչ է արել Ադրբեջանին պահպանել միջազգային և մարդու իրավունքների պարտավորությունները և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին։ Սակայն այս կոչերից մի քանի օր անց ԱՄՆ-ը որոշում է այնուամենայնիվ գործուղել դեսպանին Արցախի գրավյալ տարածքներ։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ սա Բաքվի՝ ուժեղ, Երևանի՝ թույլ քաղաքականության հետևանքն է։

Ըստ նրա, ԱՄՆ-ը գոնե այդ մասով իր կողմից չեզոքություն էր պահպանում, սակայն, եթե Երևանի իշխանությունների համար ԼՂ-ի հարց չկա, ապա ինչո՞ւ ԱՄՆ-ը այս հարցով պետք է տարաձայնություն ունենա Ադրբեջանի հետ։

«Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանն ինչպես այս, այնպես էլ խաղաղապահներին դուրս բերելով՝ ձգտում է վերջնականապես ամրագրել իր վերահսկողությունը պատերազմում գրաված տարածքների նկատմամբ, որպեսզի որևէ «բաց», չմեկնաբանված հարց չմնա։ Եվ կարծում եմ՝ սա հերթականներից մեկն էր Բաքվի համար»,- նշեց Տարասովը։

Ըստ նրա, սեպտեմբերից, ինչպես նաև վերջերս ռուս խաղաղապահների՝ Ղարաբաղից դուրս գալու լուրերի ֆոնին սա ամենևին էլ անսպասելի չէր ոչ ադրբեջանական, ոչ ամերիկյան կողմի համար։

Վերլուծաբանի կարծիքով, եթե ԱՄՆ-ը, որը ներկայումս դիրքավորվում է՝ որպես ՀՀ գործընկեր, իմանար, որ սա կարևոր ու զգայուն հարց է պաշտոնական Երևանի համար, ապա այդ այցը տեղի չէր ունենա։

«Կարծում եմ՝ Երևանի դիրքորոշումը ևս առանցքային է եղել այս հարցում»,- նկատեց նա։

Բացի այդ, վերլուծաբանը կարծում է, որ բացի Երևանից, ԱՄՆ-ը այնուամենայնիվ փորձում է աշխատել նաև Ադրբեջանի հետ, կա համագործակցության լայն դաշտ և բանակցություններ։

«Չի բացառվում, որ այս հարցը եղել է այլ՝ ԱՄՆ-ի համար շատ ավելի կարևոր հարցերի բանակցությունների բաղադրիչ։ Բայց կրկին գործ ունենք այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանի դիվանագիտությունը լավ է աշխատում, կարողանում է արդյունքներ արձանագրել, ինչպես նաև ժամանակից առաջ ընկնել»,- նկատեց նա։