«Ամբերդ ամրոցը» վերսկսում է աշխատանքը

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը  մայիսի 8 -ից  կվերսկսի աշխատանքը։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ արգելոցը բաց է լինելու երկուշաբթի-կիրակի՝ ժամը 10։00-18։00։

Ամրոց-բերդաքաղաքը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք, Արագածի հարավային լանջին, Արքաշեն և Ամբերդ գետերի միախառնման տեղում` եռանկյունաձև հրվանդանի վրա։

Բերդաքաղաքը, երեք կողմից շրջապատված է անդնդախոր ձորերով:

Այցելելով Ամբերդ  կտեսնեք հայ միջնադարյան ամրոցաշինության գլուխգործոց  ճարտարապետական կառույցները՝ միջնաբերդը  կամ իշխանական դղյակը, պարիսպները, Արքաշենի և Ամբերդաձորի դարպասները, Կաթողիկե Վահրամաշեն եկեղեցին  (1026 թ.), մատուռը, ձիթհանը, խմելու ջրի ցանցն ու ջրամբարները, բաղնիքը (X-XI դդ.), գաղտնուղիները և այլ շինություններ ամրոցի ներսում:

Պեղումների և պատմահնագիտական ուսումնասիրությունների հիման վրա Ամբերդ ամրոցը թվագրվում է X-XIII դդ.: