Եթե իշխող կուսակցությունից մեկն էլ գա ու հայտարարի՝ միանում ենք, մենք պետք է ողջունենք․ Գառնիկ Դանիելյան

«Եթե իշխող կուսակցությունից մեկն էլ գա ու հայտարարի՝ միանում ենք, մենք պետք է ողջունենք»,- դեպի Երևան երթին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Ով կգա՝ կմիավորվի՝ լուռ, հանգիստ, հավասարակշռված իր գործը կանի, մեր քույրն ու եղբայրն է։ Ով կգա կսադրի, կպառակտի՝ մեզ հետ կապ չունի: Պետք է համերաշխ լինենք»,- նշեց Գառնիկ Դանիելյանը:

Ըստ նրա՝ այս պահին շատ մտահոգիչ ու լարված իրավիճակ է Տավուշում, Ծաղկավանք գյուղից զանգեցին՝ ասացին, որ Ծաղկավանք գյուղի ներքևի հատվածում էլ են շարժեր նկատվում, գյուղերի թիվն ավելանում է։ Հայերի արյունով ականազերծում են այդ գյուղերը։ Այս պահին Կիրանց-Ծաղկավանք հատվածում են ականազերծում իրականացնում:

«Մինչև հիմա այդ պատերազմի դուռը իրենք բացել են ու չեն էլ փակել։ Ռամիլսաֆարովի տիպի ահաբեկիչները կբնակեցվեն հայկական գյուղերի մոտ, իբր սեփական անվտանգության համար։ Իշխանությունների նպատակն է բոլորին դարձնել իրենց նման։ Բայց արժանապատիվ քաղաքացիները կպաշտպանեն իրենց պատիվը, եկեղեցիները, կընդդիմանան թուրքացմանը»,- ասաց նա: