Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ

Եվրահանձնաժողովը պատրաստել է հակառուսական պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը և այն փոխանցել է միավորման երկրների քննարկմանը: Հիմնականում միջոցները վերաբերում են Ռուսաստանից հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ներմուծմանը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ ըստ Polskie Radio-ի աղբյուրների՝ ԵՄ-ն չի նախատեսում ռուսական ՀԲԳ-ի ներմուծման ամբողջական արգելք սահմանել։ Այնուամենայնիվ, Բրյուսելը դիտարկում է «Արկտիկ ՀԲԳ-2» և «Մուրմանսկի ՀԲԳ» նախագծերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։

Եվրահանձնաժողովը նախատեսում է նաև սահմանափակումներ մտցնել ռուսական նավթ փոխադրող նավերի նկատմամբ։ Բացի այդ, Եվրամիությունը կարող է արգելել իր տարածքում տրանսպորտային այն ընկերությունների գործունեությունը, որոնք ավելի քան մեկ քառորդով պատկանում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին:

Նոր փաթեթով նախատեսվում է արգելել Ռուսաստանի Դաշնությունից քաղաքական կուսակցությունների, ոչ կառավարական կազմակերպությունների և հետազոտական ​​ինստիտուտների ֆինանսավորումը։

Նշվում է, որ Բրյուսելը որոշել է պատժամիջոցների նախագծում չմտցնել ռուսական ալյումինի ներմուծման սահմանափակումներ։ Այնուամենայնիվ, Եվրահանձնաժողովն առաջարկում է Ռուսաստանից արտահանվող հելիումի էմբարգո սահմանել։ Բացի այդ, Եվրահանձնաժողովն առաջարկել է սահմանել ուկրաինական արվեստի գործերի վաճառքի արգելք ԵՄ երկրներում, եթե կան դրանց ապօրինի յուրացման կասկածներ։ Ինչ վերաբերում է ԵՄ-ից Ռուսաստան ապրանքների արտահանման հնարավոր սահմանափակումներին, ապա միջոցները կարող են տարածվել մանգանի հանքանյութի, հանքարդյունաբերության սարքավորումների, ինչպես նաև մոնիտորների և էլեկտրոնիկայի այլ տեսակների վրա: