Տիկին դեսպան, Ձեր լռությունը առաջին հերթին ԱՄՆ ամոթն է. Դավիթ Ֆիդանյան

«Տիկին դեսպան, Դուք ինքներդ էլ գիտեք, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի ավտորիտարիզմ է տիրում։ Եվ Ձեր իսկ լռությունն առաջին հերթին Միացյալ Նահանգների ամոթն է»,-ԱՄՆ դեսպանատան դիմաց ընթացող պիկետի ժամանակ հայտարարեց լրագրող Դավիթ Ֆիդանյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, որոնք տևական ժամանակ գտնվում են անազատության մեջ իրենց քաղաքական հայացքների ու քննադատական խոսքի համար՝ Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան, Արմեն Աշոտյան, Նարեկ Մալյան, Մամիկոն Ասլանյան։
Ֆիդանյանն ասաց, որ այսօր ԱՄՆ-ը չի ֆիքսում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարման փաստը, ավելին, օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի և Ֆիզուլի։
«Փաստացի, Միացյալ Նահանգները, որ իբր կոչված է պաշտպանելու ժողովրդավարական արժեքները,  մարդու իրավունքները, մարդկային արժանապատվությունն ու այլ հիմնարար արժեքներ, այսօր զբաղված է Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի արյունոտ ձեռքը սեղմելով։ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելում է օկուպացված Շուշի,  բայց որևէ ձայն չի հանում, որ օկուպացված Արցախում ադրբեջանական կողմը հետևողականորեն վերացնում է հայկական հետքը։ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը չի բարձրաձայնում ընդամենը 7-8 ամիս  առաջ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացրած սպանդն ու էթնիկ զտումը»,-ասաց Ֆիդանյանը։

Աղբյուրը՝ panorama.am