Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները բացահայտորեն հավակնում են Հայաստանի ամբողջ տարածքին․ Արման Աբովյան

Ես այնպիսի զգացում ունեմ, որ մարդիկ պարզապես չեն հասկանում իրենց գլխին կախված սպառնալիքի աստիճանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։

«Ամբողջական ներքին ուժասպառության և իրավիճակի անհեթեթության զգացում է, երբ թուրքը ՄԵՐ ՀՈՂՈՒՄ մեզ սպառնում է, մեզ խոշտանգում է, մարդկանց առևանգում է կամ փաստացի «կիսում է» երկիրը երկու մասի՝ օրինակ փակելով Գորիս-Կապան ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ճանապարհը:

Ես շարունակում եմ պնդել, որ այս ամենը հնարավոր դարձավ իշխանությունների ոչ ադեկվատ, ծայրահեղ անգրագետ և չափազանց վտանգավոր քայլերի, գնահատականների և գործողությունների հետևանքով։

Ստիպված եմ ընդհատել խորհրդարանական վեստեռնի դիտումը և պարզապես հիշեցնել, թե ինչ է իրականում տեղի ունենում:

1․ Հայ ազգը գտնվում է վտարման կամ ոչնչացման ուղղակի սպառնալիքի տակ, նկատի առնելով Հայաստանի տարածքով (Սյունիքի միջանցք կամ ճանապարհ) վերամիավորման Թուրքիայի և Ադրբեջանի շարունակական փորձերը։

2․ Հարյուրավոր հայ բանտարկյալներ դեռ պահվում են Բաքվում, և Ադրբեջանը չի դադարում հայերին առևանգել, ավելին, վերջին շրջանում դա անում է Հայաստանի օկուպացված տարածքներից:

3․ Թուրք-ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստանի տարածք և դեռ գտնվում են մեր հողում:

4․ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները բացահայտորեն հավակնում են Հայաստանի ամբողջ տարածքին: Այսպիսով, նախագահ Իլհամ Ալիևը բացահայտ հայտարարում է, որ իրենք կգրավեն գրեթե ամբողջ Հայաստանը:

Արմատազուրկ վիժվածք Ալիևի այս հակահայկական դիրքորոշումը կրում է համակարգային բնույթ և հանդիսանում է Ադրբեջանի պետական դոկտրինը:

5․ Փաշինյանական իշխանությունները փաստացի պատրաստվում են դառնալ պանթուրանական խոշոր ծրագրի մի մասը և, բացի Ադրբեջանը և Նախիջևանը (Թուրքիա) կապող ճանապարհը տրամադրելուց, սահմանազատման և սահմանագծման կարգախոսների ներքո կօրինականացնեն հայկական նոր տարածքների հանձնումը:

6․ Հայաստանը պատրաստվում է Թուրքիայի հետ սահմանը բացել նաև թուրքական պայմաններով, այն է՝ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մի մաս և Հայ Դատի և Հայոց ցեղասպանության գաղափարների «պատմական դաշտ» տեղափոխելու հաշվին:

Վերոնշյալը, սպառնալիքների մի փոքր մասն են, որոնց դեմ մենք կանգնած ենք այս պահին:

Խելքի՛ եկեք»,- գրել է Աբովյանը։