Դա հենց բժիշկների զբաղվելու գործն է․ Արթուր Վանեցյանը՝ Փաշինյանի մեղադրանքների մասին

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով այսօր ասուլիսի ընթացքում Փաշինյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների կոնկրետ հետազոտությունների և կոնկրետ եզրահանգման լավ նյութ են։ Կարծում եմ՝ դա հենց նրանց զբաղվելու գործն է։

Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում։ Ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է։ Դե իսկ մահն իր հետ միշտ գարշահոտություն է բերում։

Նիկոլը հիմա փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում։

Բոլոր այդ մեղադրանքների դատարկությունը ժամանակի ընթացքում կբացահայտվեն։ Իսկ հիմա մենք շատ ավելի կարևոր անելիքներ ունենք։ Ճշմարտությունը կհաղթի ստին»։

Այսօր Փաշինյանն ասել էր, որ շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ։

Ճշտող հարցին, թե ում մասին է խոսքը, Փաշինյանն ասաց․

«Արթուր Վանեցյանի մասով եմ ասում, ո՞ւմ մասով եմ ասում, այդքան փա՞կ եմ խոսում։

Չեմ բացառում, որ այդ ձայնագրության մեջ կարող էր լինել այլ բնույթի՝ անձնական ոչ անձնական հազար ու մի բան և հիմա, այդ մարդիկ հայրենիքի մասի՞ն են մտածում»։