Բաքուն շարունակում է ներկայանալ որպես ագրեսոր՝ ի հեճուկս խաղաղատենչ Փաշինյանի

Մարտի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեք կեղծ հաղորդագրություն տարածեց ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։ Ի պատասխան՝ ՀՀ ՊՆ-ը հերքեց այդ տեղեկությունները։ Ավելին՝ անգամ Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդները հայտարարեցին, որ Ադրբեջանի նշած իբրև ագրեսիայի հատվածներում ամեն ինչ խաղաղ է ու հանգիստ, և Հայաստանի կողմից որևէ ռազմական գործություն չի իրականացվել։ Հիմա, երբ Ադրբեջանի երազանքի իրականացումն այնքան մոտ է թվում՝ չարչրկված խաղաղության պայմանագրի ստորագրմամբ Հայաստանի ինքնիշխան տարածքից հնարավորինս նոր բնակավայրեր, ռազմավարական կարևոր հաղորդակցություններն առանց պատերազմի գրավելու, Հայաստանին պարտադրելու հրաժարվել պետության և պետականության բաղադրիչներից՝ զինված բանակից, երկիրը և այդտեղ ապրող ժողովրդին, նրա գաղափարախոսությունն ու ապագան պաշտպանող Սահմանադրությունից, սուբյեկտայնությունից, Բաքուն Հայաստանին մեղադրում է պատերազմի սադրանքի մեջ։ Եվ դրանով Ալիևը մեկ անգամ ևս մեր ժողովրդին սթափեցնում է՝ կուլ չտալ Փաշինյանի տևական և կայուն խաղաղության մասին հայտարարությունները, և եթե անգամ այդ պայմանագիրը ստորագրվի, թղթի այդ կտորը խաղաղության առհավատչյա չհամարել։ Ի՞նչ է ուզում հասկացնել Ալիևը հիմա, ինչո՞ւ է շարունակում Հայաստանի գլխին կախած պահել պատերազմի մահակը։ Առաջին տպավորությունն այն է, թե Ալիևը դրանով փուռն է տալիս Նիկոլի խաղաղատենչ ջանքերը՝ հասկացնելով, որ ինքը որևէ փաստաթուղթ չի ստորագրելու։ Բայց կա նաև այլ մեկնաբանություն՝ Ալիևը պատերազմի սպառնալիքով փորձում է կանխել խաղաղության պայմանագրի բովանդակությունը հրապարակելուց հետո հայ ժողովրդի ընդվզումը, Նիկոլին գահընկեց անելու հնարավոր փորձերը։ Եթե այս տրամաբանությամբ մտածենք, հարց է՝ արդյո՞ք Նիկոլի ու Ալիևի գաղտնի համաձայնության հետևանք չէ Բաքվի մեղադրանքը սահմանային ագրեսիայի մեջ, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ էր։ Բաքվի այս ձեռագիրը նորություն չէ մեզ համար։ Ու մինչ Փաշինյանը կոկորդը պատռում է տարածաշրջանային խաղաղության մասին ավետիսով, Բաքուն, փաստորեն, չի պատրաստվում փոխվել՝ ընդառաջ գնալով այդ խաղաղությանը։ Ուրիշ ինչպե՞ս կարող է Ալիևը հասկացնել հայերիս, որ իր վերջնանպատակը խաղաղություն հաստատելը չէ, այլ Հայաստանի բնաջնջումը և ամբողջական գրավումը։ Ինչպես մի ծաղկով գարուն չի գա, այնպես էլ մի կողմի ցանկությամբ խաղաղություն չի հաստատվի, անպատասխան սիրո արդյունքում ամուր ընտանիք չի ձևավորվի։

Ի դեպ, Փաշինյանն ինքն է մի քանի անգամ մեզ զգուշացրել՝ բարձր ատյաններից հայտարարելով, թե խաղաղության պայմանագիրն ամենևին էլ երաշխիք չէ, որ Ադրբեջանը նոր լայնածավալ ագրեսիա չի հրահրի Հայաստանի դեմ։ Այդ դեպքում ինչի՞ համար են բոլոր ջանքերը, եթե ամեն դեպքում Ադրբեջանն առաջնորդվելու է ըստ իր ցանկությունների ու հնարավորությունների, ոչ թե՝ պարտավորությունների։ 2018 թվականին կարծեցյալ հեղափոխությամբ հուսավառված քաղաքացիներին տված բոլոր խոստումները Փաշինյանը տապալեց։ Այսօր Հայաստանի քաղաքացիներն առավել վատթար վիճակում են, քան նախկին իշխանությունների ժամանակ, անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի, որի կառավարության տարիներին երկիրը պատերազմի, շրջափակման ու սովի մեջ էր։ Այն ժամանակ գոնե արցախյան հաղթանակ ունեցանք, Հայաստանի արտաքին անվտանգությանը ոչինչ չէր սպառնում։ Այսօր թե տնտեսական, սոցիալական, թե անվտանգային, արտաքին ու ներքին, թե բարոյական, գաղափարական, մշակութային, ինստիտուցիոնալ առումներով երկիրը անհուսալի, տանուլ տված վիճակում է։ Նիկոլն անգամ խոստացած թալանը չվերադարձրեց, և այդ ուղղությամբ նրա ձեռնարկած բոլոր իրավական գործընթացները ակնհայտ խեղկատակություն են։ 2018-ին խաբված ժողովուրդը դրանում էլ համոզվեց։ Նիկոլի վերընտրվելու և դրանով իր իշխանությունը, ասել է թե կյանքը պահելու միակ տարբերակը մնացել է կարծեցյալ խաղաղության մասին թղթի կտորը, որը նա հաջորդ նախընտրական քարոզարշավի ժամանակ մուրճի փոխարեն թափ կտա հրապարակներում նախկինների ուղղությամբ ու իրեն խաղաղաբեր աղավնի կհռչակի։ Այնինչ նախկիններին կբնորոշի ռևանշիստներ ու պատերազմ բերողներ։ Այդպիսով իր զանգվածին կդնի ընտրության առաջ՝ խաղաղության և պատերազմի միջև։

Հետաքրքիր է՝ ՀՀ իշխանության զավթիչները ե՞րբ քաջություն կունենան հրապարակելու այսպես կոչված համաձայնեցված ու երկար քննարկված պայմանագիրը։ Չէ՞ որ դրա բովանդակությունը հանրայնացնելուց հետո ակնհայտ կդառնա, որ խաղաղությունն իրականում Ադրբեջանի առավելապաշտական նկրտումների մասին նամակ-պահանջ է Փաշինյանին, որը նա սեփական ձեռքով կստորագրի ու կամրագրի ադրբեջանական երազանքի իրագործումը։ Կամ դրա մեկնարկը կտա։ Ի վերջո այդ պայմանագրի դրույթների գաղտնիությունը մեզանում համոզմունք է առաջացնում, որ դրանում հայանպաստ որևէ դրույթ չկա, հակառակ դեպքում գոնե թե մասնակի այդ մասով քպ-ականները կխոսեին դրա մասին և կինքնագովազդվեին։ Այնինչ, հենց ԱԳ նախարարն է խոստովանում, որ խաղաղության պայմանագրով ոչ Հայաստանի ինքնիշխան տարածքներից հետո քաշվելու պահանջ է ներառված, ոչ հայ ռազմագերիներին ու ռազմաքաղաքական պատանդներին վերադարձնելու հարց է ընդգրկված, ոչ արցախցիների վերադարձի հարց իրենց բնակավայրեր, ոչ նրանց իրավունքների։ Այն դեպքում Հայաստանն ուրիշ ի՞նչ պահանջ է ներկայացրել Բաքվին ի շահ մեր պետության, եթե այդ պահանջներն անտեսվել են։

Թագուհի Ասլանյան