Լարված իրավիճակ. գյուղացիները, ի նշան բողոքի, փակել էին Երևան–Արմավիր ավտոճանապարհը

Այսօր՝ մայիսի 29-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան–Արմավիր ավտոճանապարհին, Արշալույս գյուղի վարչական տարածքում, նույն գյուղի բնակիչները, ի նշան բողոքի, փակել էին ճանապարհը։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիներն իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում լոլիկի և գյուղմթերքի արտահանման հետ կապված խնդիրների պատճառով։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիները նշում էին․ «Ամբողջ տարին աշխատում ենք, որպեսզի գարնան այս շրջանում եկամուտ ունենանք, սակայն ինչպես լոլիկը, այնպես էլ այլ գյուղմթերքներ չենք կարողանում արտահանել։ Վարկեր ենք վերցնում, հող մշակում, թունաքիմիկատներ գնում, բանվորների աշխատավարձ ենք վճարում և բազմաթիվ այլ ծախսեր անում, բայց բերքը չենք կարողանում իրացնել։ Արդյունքում վարկերը մնում են մեր ուսերին, և չենք կարողանում դրանք մարել»։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։

Համայնքային ոստիկանների և պարեկների հետ բանակցությունների արդյունքում ճանապարհը բացվել է։

Գյուղացիները հայտնել են, որ եթե խնդիրը չլուծվի, ապա իրենք կդիմեն բողոքի այլ քայլերի։