ՊԵԿ-ը տարբեր առաքանիներից հայտնաբերել է 1405 գրամ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնում օրերս օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Հայաստանի Հանրապետություն է ներմուծվելու թմրամիջոցների պարունակությամբ  3 միջազգային սուրհանդակային առաքանի։

Այսպես, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության  բացթողնման բաժնի աշխատակիցները, Զվարթնոց օդանավակայանի կարգո բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից` «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիները: Արդյունքում  2 առաքանուց  հայտնաբերվել է «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ երկուական տարրա, որոնց ծավալը կազմել է 1195 գրամ։

Մաքսանենգության այս  դեպքով  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկվել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, մասնավորապես` «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները: Արդյունքում «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի զանգվածների փոխարեն նմանատիպ այլ փոխարինված զանգվածների պարունակությամբ 2 միջազգային սուրհանդակային առաքանին  «ԳԼՈԲԲԻՆԳ» ընկերության «Արաբկիր» սպասարկման սրահից ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն  է տեղափոխվել ՀՀ և ԱՄՆ  քաղաքացի Հ․ Ն․-ն: Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: