Պետք է Արևմուտքի հետ հարաբերությունները կառուցենք մեր օրակարգով՝ հակառուսական ստրիպտիզ ցուցադրելու փոխարեն

Խոհեր ԱՄՆ դեսպանի հարցազրույցի շուրջ

Ուշադիր դիտեցի Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին:
Միանգամից արձանագրեմ, որ հայ-ամերիկյան հարաբերություններն արժևորում եմ և կարևորվում եմ դրանց զարգացումը:
Այնուամենայնիվ, Վաշինգտոնը չի պատրաստվում Հայաստանին տրամադրել անվտանգության այլընտրանքային երաշխիքներ (եթե, իհարկե, որևէ մեկն այդպիսին չի համարում զրահապատ շտապօգնության մեքենաների տրամադրումը), Ադրբեջանին հակազդել անգամ տնտեսական պատժամիջոցներով (Ալիևին չնեղացնելու համար՝ ԱՄՆ-ն անգամ ձեռնպահ է մնում Արցախում տեղի ունեցածին գնահատական տալուց` թեև մինչ ողբերգությունն Արցախում հնարավոր էթնիկ զտումը Վաշինգտոնի կողմից հռչակվել էր «կարմիր գիծ»): Ուշագրավ է, որ Վաշինգտոնը, ըստ էության, չի խրախուսում նույնիսկ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը, որովհետև Հայաստանին ոչինչ չի կարող առաջարկել Ռուսաստանի հնարավոր հակազդեցության դեպքում:
Անշուշտ, անկեղծության համար շնորհակալ պետք է լինել տիկին դեսպանին ու Վաշինգտոնի քաղաքականության մասին պատկերացումներ անհրաժեշտ է կազմել նրա հարցազրույցից, ոչ թե ԱՄՆ հայաստանյան «դեսպաններ»- պսևդոարևմտամետների ցնորքներից, ովքեր ամեն օր մեր հասարակությանը «կերակրում» են Արևմուտքի «միսիոներական առաքելության» մասին առասպելներով:
Արևմուտքը մեր տարածաշրջանում ունի իր շահերը, որոնք, առաջին հերթին, ենթադրում են Ռուսաստանի դուրսմղում, Իրանի մեկուսացում, ադրբեջանական նավթի և գազի անխափան առաքում արևմտյան շուկաներ ու հետո նոր միայն՝ Հայաստանն ու նրա խնդիրները:
Պետք է իրատես լինենք ու Արևմուտքի հետ հարաբերությունները կառուցենք մեր օրակարգով՝ Վաշինգտոնում և Բրյուսելում հակառուսական ստրիպտիզ ցուցադրելու փոխարեն:
Պետք է աշխարհագրության մասին պրիմիտիվ պատկերացումներ ունենանք և հասկանանք, որ մեր խնդիրների լուծումը տարածաշրջանում է՝ Բրյուսելը դիտարկելով լրացուցիչ հնարավորություն, ոչ թե ռեգիոնում լուսանցքային դառնալու արկածախնդրություն:

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց