Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ կամ պայմանագիր գոյություն չունի. Փաշինյան

Ռուս սահմանապահների ներկայության մանդատ կամ պայմանագիր գոյություն չունի, խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ի՞նչ մանդատով են ռուս սահմանապահները տեղակայված Ներքին Հանդում:

«Նախ որևէ մեկը չի հայտարարել, որ դա Ռուսաստանի պատասխանատվության գոտին է։ Լավ կլիներ, որ կոնկրետ հայտարարությունը մատնանշեիք, որպեսզի ավելի հասկանալի լինի։

Ինչ վերաբերվում է հայտարարություններին՝ հնչել է ահազանգ և այդ ահազանգը քննվում է՝ հասկանալու համար, թե ինչ խոչընդոտների մասին է խոսքը՝ կա՞ նման խոչընդոտ, թե՞ չկա, և քննության արդյունքում որոշակի եզրակացություն կարվեն»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով ՌԴ սահմանապահների մանդատին և կարգավիճակին՝ վարչապետը նշեց, որ տվյալ դեպքում ՌԴ սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի։

«Շատ իրադարձություններ կան, որոնք Հայաստան-Ադրբեջան սահմանին գուցե սպոնտան ձևով են ձևավորվել ձեզ հայտնի իրադարձությունների բերումով։  Կարող եմ ասել, որ տվյալ դեպքում ՌԴ սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի։ Եթե սա նշանակում է, որ ՌԴ սահմանապահները այնտեղ որևէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել՝ ենթադրվում է, որ սրանից պետք է արվեն համապատասխան հետևություններ»,- եզրափակեց Փաշինյանը։