Meta-ն հեռացրել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ինստագրամյան և ֆեյսբուքյան օգտահաշիվները

Ամերիկյան Meta ընկերությունը հեռացրել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեիի օգտահաշիվները Facebook և Instagram սոցիալական ցանցերում, գրում է CNN-ը։

«Մենք հեռացրել ենք այդ օգտահաշիվները վտանգավոր կազմակերպությունների և անհատների վերաբերյալ մեր քաղաքականության բազմակի խախտումների համար», – հայտնել են հեռուստաալիքին ընկերության մամուլի ծառայությունից:

Ընկերությունը պարզաբանել է, որ նշված քաղաքականությունը թույլ չի տալիս կազմակերպություններին և մարդկանց, ովքեր բռնություն են քարոզում կամ մասնակցում դրան, օգտահաշիվներ ունենալ Meta-ի սոցիալական ցանցերում։ Սա վերաբերում է նաև նրանց, ովքեր ներկայացնում, աջակցում կամ արդարացնում են Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություններին:

Մամուլի ծառայությունից պարզաբանել են նաև, որ օգտահաշիվները ջնջվել են, ուստի դրանք հնարավոր չէ ապաարգելափակել։