Լեռնահայաստանի Հանրապետության հռչակումը

1921 թ. Ապրիլ 26-27-ին Ինքնավար Սյունիքի խորհրդարանի դիվանի հրավերով Տաթևի վանքում կայացավ Լեռնահայաստանի հայ ազգաբնակչության արտակարգ համագումարը, ուր ներկա էին 64 գյուղերից 95 պատգամավորներ և սպարապետ Նժդեհը:

Նախագահը նիստը բաց հայտարարելով, բացատրում է ներկա համագումարի ավելի քան պատմական և եզակի նշանակությունը և Լեռնահայաստանի կատարելիք մեծ դերը:

Ապա խոսք է առնում Սպարապետ Նժդեհը:

Կառավարություն կազմելու ձևի առթիվ խոսք է հարուցվում և մի շարք ճառերից հետո հանգում են հետևյալ եզրակացությանը.

Քանի որ Սյունիք-Լեռնահայաստանի ամբողջ բախտը և հայ ազգաբնակչության ֆիզիկական գոյությունը հավատացել և վստահել են Սպարապետին, որն իր ամբողջ գործունեությամբ միշտ էլ հանդես է եկել որպես մի անձնազոհ, տոկուն և նախանձախնդիր ղեկավար, ապագա ընտրվելիք կառավարության կազմը ևս վերապահել նրան:

Ձայների մեծամասնությամբ որոշվում է`

  1. Ինքնավար Սյունիքը այսուհետև անվանել Լեռնահայաստան:
  2. Կառավարության անդամները` նախարարներ:
  3. Համագումարը հայտարարել որպես Լեռնահայաստանի խորհրդարան:
  4. Կառավարություն կազմելու համար վարչապետ ընտրել պ. Սպարապետին (Գարեգին Նժդեհին):

Հարց է ծագում Սպարապետ Նժդեհին տալ զորավարի աստիճան: Խորհրդարան-համագումարը մտքերի և կարծիքների փոխանակությունից հետո միաձայն որոշում է պ. սպարապետին տալ զորավարի աստիճան և պարգևատրել նրան «Խուստուփյան արծիվ» երկաթե շքանշանով:

Մի ժամով տրվում է ընդմիջում, որից հետո կարդացվում է ողջույնի հեռագիրը` ուղղված Լեռնահայաստանի Դավիթբեկյան զորքին և ղեկավարներին, հետևյալ բովանդակությամբ.

«Համազանգեզուրյան Տաթևի 2-րդ Խորհրդարանը սրտանց ողջունում է իր կուռ, անհաղթելի և տոկուն բանակի ռազմիկներին և լիահույս է, որ այդ անհաղթ բանակը, որ մինչև օրս իր փառապանծ հաղթանակներով աշխարհն է զարմացրել, այսուհետև էլ պատրաստ կլինի նոր հրաշքներ, նոր զարմանքներ ցուցադրելու քաղաքակիրթ աշխարհին, իր կատարյալ ու վերջնական հարվածը տալով հայ աշխատավորության թշնամիներին:

Կազմված է կառավարություն:

Մեր ինքնավար Սյունիքն այսուհետև կոչվելու է Լեռնահայաստան, որը իր քաջարի զորքով, իր անպարտ առյուծասիրտ մարտիկներով սպառնանք պետք է լինի մեր բոլոր թշնամիների համար:

Մեր ազատարար Սպարապետ Նժդեհին տրված է զորավարի տիտղոս և «Խուստուփյան արծիվ» շքանշան:

Այս սուրբ տաճարում նա ուխտեց և իր սրբազան խոսքն ասաց` Ձեզ հետ միասին, սև օրվա համար հայության բաժին համարված Սյունիքը դարձնել հայության վերածնության օրրան:

 

Աղբյուը՝ Սովորենք պատմությունից