Թենիսի կորտերը կառուցելու ենք «Մայր Հայաստան» արձանի հարակից ավտոկայանատեղիում․ Տիգրան Ավինյան

Թենիսի կորտերը «Մայր Հայաստան» արձանի հարակից ավտոկայանատեղիում ենք կառուցելու։ Այս մասին, այսօր՝ հունվարի 29-ին,  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այդտեղ նաև ֆոտբոլի դաշտ էին որոշել կառուցել, բայց թենիսի կորտերի համար ավելի նպատակահարմար է։ Նպատակահարմար է թենիսի կորտը «Մայր Հայաստանին» հարակից ավտոկայանատեղիում կառուցել և շատ գեղեցիկ կլինի այստեղ»,- զեկուցեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը։

Քաղաքապետին նաև տեղեկացրին, որ Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանների աշխատակազմերը թենիսի կորտեր կառուցելու համար համապատասխան տարածքներ են ներկայացրել։ Քննարկումները, սակայն դեռ ընթանում են նաև մյուս վարչական շրջաններում։

Հիշեցնենք, որ քաղաքային իշխանությունը հայտարարեց, որ Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան ընկած տարածքում վերակառուցում սկսելու ու թենիսի կորտերը քանդելու մասին կառավարության որոշման նախագիծ են պատրաստում, որով տարածքը հանրային գերակա շահ են ճանաչելու: