Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ. Միրզոյան (տեսանյութ)

«Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը՝ Հարավային Կովկասում երկարատև կայուն խաղաղության հաստատմամբ»,- Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Արարատ Միրզոյանը:

Նա նշեց, որ կառուցողաբար ներգրավված են բանակցություններում, որոնց  նպատակն է  վերջնականապես կարգավորել հարաբերությունները հարևանների հետ,  մասնավորապես Ադրբեջանի հետ վերջ տալ երկարամյա հակամարտությանը։

«Այս «պինգ-պոնգ դիվանագիտության» շրջանակներում մեզ արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հոդվածների և հարցերի շուրջ: Եվ նաև գիտեք, որ տեղի են ունենում զուգահեռ գործընթացներ. մեր սահմանային հանձնաժողովներն են հանդիպում և ըստ էության սկսել են սահմանազատման գործընթացը, համաձայնության եկել սկզբունքի շուրջ: Մեր երկու երկրների ղեկավարներն են բազմաթիվ հանդիպումներ ունեցել և կրկին համաձայնության եկել մի քանի առանցքային հարցերի շուրջ, օրինակ, և ամենակարևորը ես կնշեի այն, որ երկու երկրները վերահաստատում են փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և նաև սահմանազատումը պետք է տեղի ունենա 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան: Արդեն, ինչպես նշեցի, սա արտացոլված է նաև սահմանային հանձնաժողովների աշխատանքում և պայմանավորվածություն կա արտացոլել սահմանազատման գործընթացի վերաբերող կանոնակարգի հիմքում և այլն:

Եվ ահա ես կարծում եմ և ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել այն մասին, որ մեզ՝ իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ, ևս կհաջողվի համաձայնության հասնել կամ այս նույնը՝ նույն հավատարմությունն ու նույն սկզբունքը, հստակորեն արտացոլել նաև խաղաղության պայմանագրում, և ես կարող եմ ասել, որ դրանից հետո մենք արդեն շատ մոտ կլինենք վերջնական կարգավորմանը»,- ասաց Միրզոյանը: