Արցախի բնակչին ադրբեջանական զինված ծառայողները մտադրված խաբեությամբ տարել են իրենց մոտ ու առևանգել․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանն անդրադառնալով  թշնամի Ադրբեջանի կողմից արցախցի 68-ամյա խաղաղ բնակչի առևանգման դեպքին՝ գրել է․

«Ադրբեջանական ներկայությունը Լաչինի միջանցքում` Հակարի կամրջի վրա բացահայտ անօրինական է, հանցավոր: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա խաղաղ բնակչի այսօրվա առևանգումն ադրբեջանական զինված ծառայողների կողմից պատերազմական հանցանք է:

Մասնավորապես, սա խաբեությամբ տեղի ունեցած հանցավոր արարք է, որ արգելված է հենց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը վերաբերող կանոններով:

Պրակտիկայի հանաձայն` մարդկանց Հայաստան տեղափոխելուց առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական կողմին և նրանց տրամադրում է ցուցակ` այդ կերպ համաձայնեցնելով մարդկանց տեղափոխումը Հայաստան: Նույնը, բնականաբար տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի պարագայում:

Փաստորեն, Արցախի բնակչին ադրբեջանական զինված ծառայողները մտադրված խաբեությամբ տարել են իրենց մոտ ու առևանգել են: Ակնհայտ է, որ նրա կյանքին վտանգ է սպառնում և որ դա նրանք արել են նաև քաղաքական հաշվարկներով:

Այս արարքն ուղղակիորեն արգելված է 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաներին լրացնող և միջազգային զինված հակամարտությունների զոհերի պաշտպանությանը վերաբերող արձանագրության (Արձանագրություն I, 8 հունիսի 1977 թ.) 37-րդ հոդվածով:

Այն, ինչ այսօր տեղի է ունեցել, առավել է ապացուցում, որ ադրբեջանական առավել ևս զինված ներկայությունը բացահայտ անօրինական է: Դա նոր հանցանքների աղբյուր է` մարդկանց բռնի անհետացումներ, առևանգումներ և այլն:

Խոսքը ցանկացած հայկական բնակավայրի մոտ ադրբեջանական բոլոր ներկայությունների մասին է: Այս հանցավոր արարքները շարունակվելու են, քանի դեռ շարունակվում է ադրբեջանական իշխանության ցեղասպան քաղաքականությունը, ինչպես նաև պատախանատվության բացարձակ բացակայությունը»Խ:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա տղամարդուն ադրբեջանցիների կողմից արգելանքի վերցնելու դեպքի առնչությամբ  հայտարարություն է տարածել.

«Ստացված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանն արգելանքի է վերցրել բուժման նպատակով Կարմիր խաչի միջոցով այսօր՝ հուլիսի 28-ին ՀՀ բուժհաստատություն տեղափոխվող Լեռնային Ղարաբաղի 68-ամյա քաղաքացուն:

Խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կապ է հաստատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործընկերների հետ, շարունակում է իրականացնել փաստահավաք աշխատանքներ:

Դեպքի առնչությամբ մանամասներ ճշտելուց հետո Պաշտպանը կդիմի նաև մարդու իրավունքների մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին»:

Ավելի վաղ Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնել էր, որ  այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ տեղափոխվող հիվանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել ԱՀ  68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել այլ վայր։

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն էլ գրել էր, որ հարազատներից, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկը առևանգված բուժառուի մոտ չէ, և այս պահին նրա ճակատագիրը անհայտ է։

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի ձերբակալության մասին՝ նշելով, թե, իբր, «Ադրբեջանը 2013 թվականի նոյեմբերի 12-ին միջազգային հետախուզում է հայտարարել Խաչատուրյանի նկատմամբ, դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նա իբր մեղադրվում է 1991 թվականին  «հանցավոր խումբ ստեղծելու» և Խոջալուի գործողություններին մասնակցելու մեջ:

ՀՀ ՄԻՊ-ն առևանգված 68-ամյա արցախցու հարցով կդիմի միջազգային կազմակերպություններին։