Արցախի լիակատար շրջափակումը բարդ ազդեցություն է ունեցել կրթության ոլորտի վրա. ԿԳՄՍ նախարար

Արցախի լիակատար շրջափակման ծանր իրավիճակը բավականին բարդ ազդեցություն է ունեցել կրթության ոլորտի վրա: «Արցախպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը:

«Պիտի նշեմ, որ ստեղծված իրավիճակը որևէ կերպ բացասական ազդեցություն չի ունեցել քննաշրջանի վրա: Քննաշրջանը կազմակերպվել է երկու փուլով՝ հիմնական և  լրացուցիչ, որն ավարտել ենք հուլիսի 9-ին: Քննաշրջանն անցել է բավարար մակարդակում, խնդիրներ գրեթե չեն եղել` չնայած հովհարային անջատումները և կազմակերպչական մյուս աշխատանքները կարող էին որոշակի բարդություններ ստեղծել: Ունենք ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի  բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված դիմորդներ` չնայած, ընդհանուր  առմամբ, արդյունքներն այդքան էլ գոհացուցիչ չէին, քանի որ մրցակցություն տեղերի համար գրեթե չկար. օրինակ` եթե ունեինք չորս տեղ, դիմորդների քանակը կազմում էր հինգ կամ վեց հոգի: Կային բնագիտական ուղղության մասնագիտություններ, որոնց համար մենք ակնկալում էինք  ունենալ  դիմորդներ, բայց, ցավոք սրտի, չունեցանք»,-ներկայացրել է նախարարը:

Նա նշել է, որ բնագիտական հոսքի մանկավարժական մասնագիտությունների (Ֆիզիկա, Մաթեմատիկա, Կենսաբանություն, Քիմիա, ինչպես նաև՝ Հայոց լեզու)  դեպքում` շեմի հարցում ընդառաջել են, որպեսզի կարողանան ապահովել մեկ հիմնական քննությամբ դրական արդյունք ստացած դիմորդների ընդունելությունը:

«Շրջափակման պատճառով հնարավոր չէր ապահովել մեր դիմորդների ֆիզիկական ներկայությունը հայաստանյան բուհերում, որտեղ նրանք պիտի հանձնեին ներբուհական քննություններ, սակայն ստեղծված իրավիճակից  ելքը գտել ենք` այդ ներբուհական քննությունները կազմակերպելով առցանց եղանակով` մեր համապատասխան քննասենյակներն ապահովելով բոլոր անհրաժեշտ միջոցներով և բարեհաջող ավարտելով նաև ներբուհական քննաշրջանը, որն անցել է բարձր մակարդակով: Այդ մասին արձագանքներ ենք  ստացել ՀՀ  համապատասխան բուհերից, որոնք շնորհակալություն են հայտնել մեր մոտեցման համար»,-հավելել է Ն. Մկրտչյանը:

ԱՀ ԿԳՄՍ նախարարը անդրադարձել է  նաև հայաստանյան և արտասահմանյան բուհեր ընդունված ուսանողների՝ տվյալ բուհերում առկա սովորելու ցավոտ խնդրին, ինչը շրջափակման հետևանքով անհնար է:

«Այս փուլում մենք իրականացնում ենք դիմորդների ակտիվ հաշվառում, ովքեր իրենց ուսումը պետք է շարունակեն արտասահմանյան և հայաստանյան տարբեր բուհերում: Կփորձենք  ապահովել մեր դիմորդների տեղափոխումը:  Եթե նման հնարավորություն չստեղծվի, ապա ունենք նաև այլընտրանքային տարբերակ. ամենայն հավանականությամբ մենք կկազմակերպենք նրանց ուսումնառությունը առցանց եղանակով՝ համապատասխան բուհերի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն»,-ընդհանրացրել է նախարարը: