Երբ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը սկսվի, փաստաթուղթը ստորագրվելուց հետո, համարեք, որ արդեն Արցախը լուծարվել է Ադրբեջանի մեջ․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)

Թեզը, թե Բաքուն և Ստեփանակերտը երկխոսություն ունենան, և այլն, ձևականություն է։

Այս մասին տեսաուղերձում ասաց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների թեզին, թե պետք է լինի Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցի հասցեագրման համար։

«Այն պահին, երբ այդ երկխոսությունը սկսվի, փաստաթուղթը ստորագրվելուց հետո, համարեք, որ արդեն Արցախը իր 120 000 բնակչությամբ լուծարվել է Ադրբեջանի մեջ։ Եվ հարցը փակված է»,- նշեց ԱԳ նախկին նախարարը։

«Այն, ինչ Փաշինյանն անում է, իրեն թվում է, թե այս իրավիճակում հարցի լուծման ամենահեշտ  ճանապարհն է, բայց դա նույնիսկ հեշտ չի»,- ասաց Օսկանյանը՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորնման բանակցություններում քայլերի մասին։

Ըստ նրա՝ այն, ինչ Փաշինյանն անում է, անիրատեսական է․ «Բացի նրանից, որ անհասկանալի և անընդունելի է, նաև անիրատեսական է։ Ինքը ուզում է մի բան, որն իրենը չէ, որ տա։ Նա ուզում է տալ մի տարածք, որ հազարամյակներ պատկանել է Արցախի ժողովրդին։ Այնտեղ հայեր են ապրել։ Ինքն ուզում է տալ մի տարածք, որը երբեք, երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել»։

Մանրամասները՝ տեսանյութում