Հույս ունեմ՝ հոգևոր ճեմարան ավարտած բոլոր անձինք բավարար փաստարկներ ներկայացրել են իրենց հոգևոր, նաև սեռական առողջության վերաբերյալ․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 22-ին, իր ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հայ Եկեղեցու վերաբերյալ իր վերջին հայտարարությանը և Մայր Աթոռի արձագանքին:
Հիշեցնենք, որ Դիլիջանում Փաշինյանը հայտարարել էր, որ եթե եկեղեցին ուզում է քաղաքականությամբ զբաղվել, ոչինչ չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն:
Ի պատասխան՝ Մայր Աթոռի Մայր Աթոռի Դիվանապետը հայտարարել էր, որ եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել հոգևոր ճեմարան, եթե իհարկե, հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ:
«Ես այդ մեջբերումից հասկացա, որ եկեղեցու որոշ ներկայացուցիչներ անցել են վիրավորական բառապաշարի, բայց ես չեմ պատրաստվում վիրավորական բառապաշարով հակադարձել: Ես ընդամենը հետևյալը կասեմ. եթե Եկեղեցու մասին իմ արտահայտությամբ անպատեհ մեղադրանքի ֆոն եմ ստեղծել իրենց հոգևոր ծառայությունը բարեպաշտ և ազնիվ ձևով իրականացնող բազմաթիվ այլ հոգևորականների նկատմամբ, ես ուզում եմ նրանցից ներողություն խնդրել։
Ձեր հայտարարության մեղադրանքներին չեմ հակադարձի մեղադրանքներով, որովհետև քաղաքական մրցակիցներին վիրավորելը ճիշտ ժանր չէ: Տեսնում եք, որ ես փորձում եմ այդ ժանրից հրաժարվել»,-ասաց Փաշինյանը, ապա հավելեց․ «Ես հույս ունեմ, որ հոգևոր ճեմարան ավարտած և բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած բոլոր անձինք հոգևոր ճեմարան ընդունվելիս և ավարտելիս բավարար փաստարկներ և փաստեր ներկայացրել են իրենց հոգևոր, մարմնական, ընդհուպ մինչև սեռական առողջության վերաբերյալ»: