Պաղեստինցին հազար տարի է սպասել, չի հանձնվել․ Արցախյան խնդիրը փակված չէ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը անդրադարձել է Հայաստանի՝ Պաղեստինի Պետության ճանաչմանը․
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմանը միանալու և Պաղեստինի պետությունը ճանաչելու Հայաստանի քայլը աշխարհաքաղաքական մեծ ներուժ ունի։
Իհարկե, ցանկալի կլիներ, եթե ԱԳՆ հայտարարության տեքստում «միջազգային իրավունքի, ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքների» շարքում նշվեր նաև ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ իրավունքը։
Բայց ՀՀ իշխանություններին թույլ տրվող «քաջության սահմանն» այսքանն է։

Ինչևէ, ՄԱԿ-ի օրակարգում այս խնդրի ներառումն ու նման լուրջ բանաձևի ընդունումը խոսում է միջազգային քաղաքական օրակարգում տեղաշարժերի, բարոյական քաղաքականության սկզբուննքերի արթնացման, նաև միջազգային կառույցների առաքելությունների, միջազգային իրավունքի ու սկզբունքների հնարավոր վերադարձի մասին։ Պարզորեն՝ սա նաև դեմք փրկելու գործողություն է․․․, որը լրջագույն աշխարհաքաղաքական պոտենցիալ ունի։
Գազայի Ցեղասպանությունը փաստարկված է և անշրջելի, ինչպես և Արցախի էթնիկ զտումն ու հայաթափումը։ Բայց սա չի նշանակում, թե Արցախի կոնֆլիկտը լուծվել է, կամ այսպես կոչված «խաղաղության» համաձայնագիրը համադարման է։
Բոլորովին հակառակը՝ Պաղեստինի նախադեպը՝ երկու պետությունների խաղաղ համակեցութկան մոդելը, նաև միջազգային դիսկուրսում բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար՝ խոսելու ագրեսիայի, պատերազմի ճանապարհով խնդիրի լուծման անընդունելիությունը, միջազգային իրավունքի և սկզբունքների ոտնահարման մասին, ինչպես նաև առաջ տանելու միջազգային իրավունքով, մի շարք միջազգային կոնվենցիանորով/ Մարդու իրավունքների հռչակագիր և այլն/ ամրագրված ՎԵՐԱԴԱՐՁԻ իրավունքը։

Պաղեստինը երկար է սպասել այս օրվան, շատ ծանր հատուցելով, բայց չի հրաժարվել պետություն և արժանապատիվ խաղաղություն ունենալու կամքից։
ՀՀ իշխանությունները մեզ ամենօրյա ռեժիմով նվաստացնում են, պարտությունն իբր անխուսաձելի իրողություն փաթաթում մեր վզին, մեր նվաստացումը դարձնելով անշրջելի, պետության ապագան՝ հարցականի տակ։

Սա իշխանությունը սեփական ձեռքում կենտրոնացած մեկ՝ մարդու արժեհամակարգ է և հանձնառություն՝ մեզ պարտադրվող դավադիր ծրագիր։

Արցախյան խնդիրը փակված չէ․․․ որևէ մեկն այն փակելու, մեզ հայրենազրկելու իրավունք չունի։ Պաղեստինցին հազար տարի է սպասել, չի հանձնվել․․․

Արտաքին քաղաքական նոր դիսկուրսի պայմաններում ՀՆԱՐԱՎՈՐ է, բայց ՈՉ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄՔՈՎ ԵՎ ՀԱՄՈԶՈՒՄՆԵՐՈՎ։

Խնդիրը մեր մեջ է՝ չհանձնվել, Հանուն Հայաստանի բեկել այս իրականությունը»։