Որքան մեծ է մարդու մեղքի զգացումը, այնքան մեծ է նրա կամքը՝ հեռացնելու չարիքի իշխանությունը
Ճանաչում եմ շատ ու շատ նորմալ մարդկանց, որոնք 18-ին թեկուզ մի գրամ դերակատարում են ունեցել Հայաստանում չարիքի իշխանության հաստատման գործում։
Դիտարկումս հետևյալն է. որքան մեծ է մարդու ներքին բարոյականությունը, այնքան մեծ է նրա մեղքի զգացումն ու այնքան մեծ է նրա կամքն ու ջանքը՝ ուղղելու իր սխալը, հեռացնելու չարիքի իշխանությունը։
Իրավաբանների համար հանցանքը, մեղքը, մի տեսակ, մաթեմատիկական հավասարման պես մի բան է ընկալվում։ Փաստվե՞ց հանցանքը։ Ուրեմն կարձանագրվի և պատիժը, այն կիրագործվի, պարտքը կմարվի և վերջ։ Կանցնենք առաջ։
Իրականում հանցանքի գաղափարը, իրական հանցանքի գաղափարն ավելի շատ նման է մի չափ փոքր կոշիկի։ Այն հենց քե՛զ է ցավացնում, և ուզում ես հանես՝ դեն նետես, բայց չես կարող։ Ու իրական «պատիժը» հենց այն է, ինչը թույլ է տալիս վերջապես հանել ու դեն նետել։ Չկա՞ պատիժ, ուրեմն անընդհատ կմնաս ցավերի մեջ։ Կմնաս «լացի ու ատամների կրճտոցի» մեջ։
Ու այդ ցավերին շատերը չեն դիմանում։ Որքան ավելի բարոյական է մարդը, այնքան ավելի դժվար է դիմանալը։
Չգիտեմ էլ՝ ինչ կարելի է խորհուրդ տալ այդ մարդկանց։ Երևի միակ քիչ թե շատ գործուն խորհուրդը հոգևորականի հետ խոսելն է, մեղքերի թողություն հայցելն է, ապաշխարության «ծրագիր» կազմելն ու այն իրագործելն է։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից