Լալա Մնացականյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում
Լալա Մնացականյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին ժամը 18։00-ից 20։00 Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը հունիսի 24-ին ժամը 11։00-ից՝ 13։00 նույն տեղից։ Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։
Հիշեցնենք, որ այսօր հանկարծամահ է եղել անվանի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը։
Դերասանուհին ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում։ Սովորել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը, որն ավարտել է 1978 թվականին՝ կարմիր դիպլոմով։ Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ Հետաքրքիր դերակատարումներով հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ Թատրոն, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն։
140 մանրապատումների սցենարիստ է և դերակատար։ 1991 թվականից բեմական խոսք է դասավանդել Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, բեմական խոսքի պրոֆեսոր է։ Համահեղինակ է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» ուսումնական ձեռնարկի, որն առաջին և առայժմ միակ հայերեն դասագիրքն է։