Փաշինյանը հիմա էլ մեղքը գցեց որդու՝ Աշոտիկի վրա (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղակտիվիստ, լրագրող Տաթև Արցախն է։

Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, նրանց աջակցող քաղաքացիները մայիսի 20-ից անժամկետ նստացույց են անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, որը կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»։

Ուղիղ կապ հաստատելով Կառավարության շենքի բակում գտնվող Տաթև Արցախի հետ՝ հետաքրքրվեցինք, թե ինչ է կատարվում այս պահին այնտեղ, ինչպե՞ս են տրամադրված 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինվորների ծնողները և ի՞նչ ակնկալիք ունեն իրենց ակցիայից։

Տաթև Արցախն ասաց, որ անձամբ ինքը, որը զոհվածի քույր է, մեծ սպասումներ չունի այս ապազգային ու թրքաբարո իշխանություններից, անհեթեթություններն ու կամայականություններն այն աստիճանի են հասել մեր երկրում, որ արդեն հերոսածին կնոջ են կալանավորում․ «Բարոյական չափորոշիչներ ունեցող ցանկացած մարդ այս երևույթի նկատմամբ պետք է անհանդուրժող լինի։ Իմ մայրը ևս զոհվածի ծնող է, և ՀՀ քաղաքացիներից որևէ մեկը ապահովագրված չէ տիկին Գայանեի կարգավիճակում հայտնվելուց։ Թուրքի ոտքերը լիզող իշխանություններից սպասելի է, որ ամեն ինչ կանեն՝ հերոսածին մորը կդատապարտեն ու կկալանավորեն, թեև նրան ներկայացված մեղադրանքի որևէ ապացույց չկա։ Այս ամենն արվում է զոհվածների ծնողների շրջանում վախի մթնոլորտ սերմանելու համար։ Բայց չի հաջողելու, քանի որ մենք մեր ամենամեծ կորուստն արդեն ունեցել ենք, և ոչինչից չենք վախենում, մի օր Փաշինյանն առերեսվելու է մեզ հետ։ Մեր վրեժի ցասումը չի մարելու, և նա ամենաշատը վախենում է զոհվածների ծնողներից»։

Խոսելով ծնողների հետագա գործողություններից, հաղորդման հյուրն ասաց, որ պետք է վիճարկեն դատարանի որոշումը, դիմեն վերաքննիչ դատարան՝ հավանաբար այսօր կամ վաղը։ Նաև շարունակելու են իրենց նստացույցը, ասել են, որ պատրաստ են մեկ ամիս մնալ Կառավարության շենքի մոտ՝ այնքան ժամանակ, քանի դեռ կալանավորված է Գայանե Հակոբյանը։

Տաթև Արցախն անդրադարձավ նաև երևույթը քննադատող հայտարարություններին։ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին է Գայանե Մանուկյանի կալանավորման վերաբերյալ հայտարարություններ տարածել՝ խոր մտահոգությամբ ու վարչապետին դատապարտելով։ Նա ասաց, որ նման հայտարարություններից զատ լավ կլիներ, որ այդ մարդիկ և իրենց կողմնակիցները ֆիզիկապես լինեն ծնողների կողքին, սատարեն նրանց և պահանջեն ազատ արձակել տիկին Գայանեին։ Այլապես հայտարարությունները դժվար թե արդյունավետություն ունենան։

Տաթև Արցախը խոսեց նաև Փաշինյանի՝ այսօր արած հայտարարություններից, որոնցով նա արդարացնում է Գայանե Հակոբյանին կալանավորելու որոշումը։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում