Կառավարությունը կիրանցեցիներին պարտադրում է դիմումով հրաժարվել այն գույքից, ինչը հանձնել են Բաքվին․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»

ՀՀ կառավարությունը Կիրանցի բնակիչներին պարտադրում է գրավոր դիմումներ գրել՝ հրաժարվելու այն գույքից, ինչը կառավարությունը, առանց որևէ իրավական հիմքի, հանձնել է Ադրբեջանին։

Իշխանությունները դիմումին ձևանմուշ են մշակել ու բաժանում են այն բնակիչներին, որոնց գույքը սահմանազատման արդյունքում անցել է ադրբեջանական կողմին ու պարտադրում ստորագրել առ այն, որ հրաժարվում է բոլոր գույքային պահանջներից Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ համապատասխան գումարը ստանալով։

Ավելին, դիմումով բնակիչը լիազորում է Տավուշի մարզպետի աշխատակազմին դիմում ներկայացնել Կադաստրի կոմիտե՝ իր գույքի նկատմամբ իրավունքի դադարման պետական գրանցում կատարելու համար։

Հիշեցնենք, որ արդարադատության նախարարությունը դեռ մայիսի 20-ին կեղծ տեղեկություն էր տարածել՝ պնդելով, թե, Կիրանցի մի շարք բնակիչներին տրված սեփականաշնորհման վկայականները սխալ տվյալներով են, այսինքն՝ կեղծ են։

Մեջբերում ենք պաշտոնական փաստաթղթից. «Պետք է փաստել, որ համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարման փաստի ուժով խնդրո առարկա տարածքները համարվում են ՀՀ ինքնիշխան տարածքի մաս»։
Մինչդեռ, կեղծ վկայականների մասին իրավապահները տեղեկություններ չունեն, համենայն դեպս «Փաստինֆոյի» հարցմանն ի պատասխան դատախազությունը փաստել է, որ նման քրեական վարույթ չկա։

Հետևաբար՝ ՀՀ ինքնիշխան տարածքի մաս հանդիսացող գույքը կամայական որոշմամբ Ադրբեջանին հանձնումը հանցագործություն է ու իրավապահ մարմինները պետք է դրա համար քրեական վարույթ նախաձեռնեն։
Այս պարտադրվող դիմումներից պարզ է դառնում, թե ինչու են աստղաբաշխական գներով, ինչպես օրինակ, 1000 դոլար արժողությամբ վագոն -տնակի համար կառավարությունը 50 000 դոլար առաջարկում կիրանցիներին։ Ի դեպ, կիրանցեցիները կարող են դիմել նաև ՄԻԵԴ, քանի որ առ այս պահը իրավական որևէ որոշում չկա՝ անձանց սեփականությունը բռնագրավելու և այլ պետության հանձնելու վերաբերյալ։