Ինչպե՞ս կվարվի Նիկոլը ադրբեջանցի դիվերսանտների հետ

Հայաստանի սահմանը 3 օր առաջ հատած ադրբեջանցին վերջապես հայտնաբերվել ու ձերբկալվել է։ Հատկանշական է, որ թե առաջին, թե երկրորդ դիվերսանտին հայտնաբերել, վնասազերծել ու ոստիկաններին են հանձնել Սյունիքի տարբեր բնակավայրերի բնակիչները։ Մեկին Սիսիանի Աշոտավան համանքում էին հայտնաբերել ու բռնել, երկրորդին էլ Սյունիքի մարզի Աճանան գյուղից 3 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այսպես կոչված՝ «խոզանոցի» տարածքում: Ակամա հարց է առաջանում՝ ինչո՞վ են զբաղված ՀՀ ուժային կառույցները, որ այսքան ժամանակ չէին կարողացել հայտնաբերել երկրորդ ադրբեջանցուն, հարկատուներիս հաշվին վարձատրվող այդ կառույցները եթե ի վիճակի չեն ապահովելու ՀՀ քաղաքացիներիս անվտանգությունը, ապա լուրջ հարցեր են առաջանում։ Ի դեպ, երկրորդ դիվերսանտին վնասազերծած Գոռ Օհանջանյանը լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է, թե դեպքի վայր ժամանած ոստիկանները դժգոհ են եղել, որ ադրբեջանցուն բռնել են, հոխորտացել են երիտասարդների վրա, թե ինչու են նրան բռնել․․․

«Ես ու ընկերս գյուղից դուրս էինք եկել, գնում էինք քաղաք՝ Կապան, ճանապարհին տեսանք դրան՝ թուրքական զինվորական ֆորմայով, կանգնեցինք, հարցեր տվեցինք, հասկացանք, որ թուրք է: Հետո մյուս ընկերս եկավ՝ Աշոտը, կանգնեցինք բոլորս: Բռնեցինք, հետո ոստիկանները եկան ու մեզ են հարցնում, թե մենք ինչ ենք անում այստեղ, ինչու ենք բռնել և այլն: Մեր ոստիկաններն էլ, փոխարենը դրան բռնեին, եկել ու մեզ են բան ասում: Թուրք ենք բռնել, եկել-մեզ ասում են՝ ի՞նչ եք անում, մեզ են գցում, հասկանո՞ւմ եք: Շատ վատ պահվածք ցույց տվեցին այդ ոստիկանները»,- լրագրողին պատմել է ադրբեջանցուն վնասազերծած երիտասարդը։

Այս պահին ադրբեջանցին Կապանի ոստիկանության բաժնում է, թե ինչ կլինի նրա հետ հետո, հայտնի չէ՝ իմանալով ՀՀ իշխանությունների առանձնահատուկ վերաբեմունքը Ադրբեջանի, դրա ղեկավարի ու ադրբեջանցիների նկատմամբ։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է՝ արդարացնելու դիվերսիոն ներթափանցումը՝ կրկնելով ադրբեջանական պաշտոնական վարկածը, թե նրանք պարզապես մոլորվել են։ Հետո էլ առաջինը ձերբակալված դիվերսանտի մասին ասում է, թե նա միջանձնային խնդիրներ ունի իր երկրում, դրա համար ապաստան է փնտրել Հայաստանում՝ հասկացնելով, որ նրան չեն պատժելու։ Բայց երկրորդ դիվերսանտին ինչպե՞ս է արդարացնելու Փաշինյանը, եթե նա ակնհայտ հանցագործություն է կատարել մեր երկրում, սպանել է ՀՀ քաղաքացու, նրա հեռախոսով ուղիղ եթեր մտել ու խոստովանել իր նախապես ծրագրած սպանության ու հայերի նկատմամբ ագրեսիայի մտադրությունների մասին։ Դա արդեն հանցագործություն կատարելու մասին ինքնախոստովանություն է։ Դեռ մինչև դիվերսանտին բռնելը ականատեսները լրատվամիջոցներին պատմել էին, որ նախօրեին Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակակետում հայտնաբեված 56-ամյա տղամարդուն սպանել է հենց փախուստի մեջ գտնվող ադրբեջանցին՝ նրա գլխի և որովայնի շրջանում վեց հրազենային հարված հասցնելով։ Այնուհետև վերցրել էր նրա հեռախոսը, սոցիալական ցանցով ուղիղ եթեր մտել ու հայտնել, թե Հայաստան է եկել հայերին սպանելու, գլխատելու մտադրությամբ։ Ականատեսների պատմածը հաստատվեց դիվերսանտին բռնելուց հետո, երբ նրա մոտ հայտնաբերեցին սպանված տղամարդու հեռախոսը։ Այդ ընթացքում համացանցում տարածվեց նաև դիվերսանտի ուղիղ եթերի տեսագրությունը, որում նա հայտարարում է․ «Հայտարարում եմ ամբողջ աշխարհին։ Երդվում եմ միակ Աստծո անունով, մեզ արարող Աստծո անունով։ Եկել հասել ենք Հայաստան։ Հայերի արյուն ենք թափել։ 400-500 հայի գլուխ ենք կտրել։ Հիմա էլ դեռ ողջ ենք, չենք մահացել։ Աստված տա, չենք մահանա։ Եթե մահանանք էլ, մեր մեղքերին թողություն տվեք։ Մենք հայրենիքի դավաճան չենք, հայրենիքի արժանապատվությունը պահողն ենք»:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ՊՆ հաղորդագրություն տարածեց այդ օրը ՀՀ տարածք ներթափանցած երկու ադրբեջանցի ԶՈՒ զինծառայոներիմասին։Ավելի ուշ հայտնեց, որ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում նրանցից մեկը հայտնաբերվել և ձերբակալվել է: Մինչ այդ LIVEnews.am-ը, հղում անելով իր աղբյուրին, տեղեկացրել էր Սիսիանի տարածք ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման մասին։  Ադրբեջանցիները հասցրել էին լինել Սյունիքի մարզի Բնունիս համայնքում, թակել բնակիչներից մեկի տան դուռը։ Առաջին ձերբակալվածը հայտնաբերվել էր Աշոտավան համայնքում: Բնակիչները պատմել են, որ այդ ադրբեջանցիները բնակիչներից մեկի տան դուռը երկար թակել են, տանտիրուհին բացել է դուռը, տեսել է դիմակավորված զինվորականների, դուռը փակել ու զանգահարել է Ոստիկանություն: Ադրբեջանցին, որին բնակիչները բռնել էին, քաղաքացիական հագուստով է եղել: