Հիմնական վարկածով՝ Սյունիքում 57-ամյա պահնորդին սպանել են ադրբեջանցիները

Նախօրեին՝ ապրիլի 12-ին, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակակետում սպանված հայտնաբերված 57-ամյա պահնորդի գործով իրավապահները, լրատվամիջոցների տեղեկություններով, հիմնական վարկածներից մեկը դիտարկում են ադրբեջանցիների կողմից սպանությունը:

Նշենք, որ այդ գործով զբաղվում է Քննչական կոմիտեն:

Հիշեցնենք, որ նախօրեին shamshyan.com-ը գրել էր․ «18:30-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կապանի բաժին, հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կապան խոշորացված համայնքի Շղարշիկ բանավանի տարածքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի խողովակաշարի պահպանման պահակակետ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի»։
Ըստ կայքի՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ, նշված գործարանում որպես պահնորդ աշխատող 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանն է:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի զննությամբ մարմնի վրա հայտնաբերվել է հրազենային 6 վնասվածք, այդ թվում՝ գլխի և որովայնի հատվածում: