Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն։ Այս մասին գրում է IRNA-ն:
Խոսելով իրանա-ռուսական հարաբերությունների մասին՝ Լավրովն ընդգծել է, որ երկու երկրները հատուկ ուշադրություն են դարձնում գործարար հարաբերությունների արագ զարգացմանը. «Մենք փորձում ենք երկու երկրների միջև նոր համաձայնագիր կնքել՝ փոխարինելով նախորդը»։
Նշելով, որ Ռուսաստանը ողջունում է Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների վերականգնումը, Լավրովը նշել է, որ Ամիր Աբդոլահիանի հետ քննարկել է Սիրիայում, Պաղեստինում, Աֆղանստանում և Կովկասի երկրներում ճգնաժամի կարգավորման սցենարները։
Անդրադառնալով հակաիրանական պատժամիջոցները չեղարկելուն և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) շուրջ համաձայնագրի երկարաձգման շուրջ բանակցություններին՝ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը և Իրանը համաձայն են, որ ՀԳՀԾ-ին այլընտրանք չկա։
«Մենք պահանջում ենք երկարացնել Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևը, և աշխարհը սպասում է, որ ԱՄՆ-ը վերադառնա իր պարտավորություններին»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։