Պետդեպը «սուտ» է որակել Վրաստանում «նախապատրաստվող իշխանափոխության» մասին ՌԴ հետախուզության հայտարարությունը
ԱՄՆ-ն չի փորձում հոկտեմբերին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխանափոխության հասնել երկրում: Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայությունը հայտնել էր, որ Վաշինգտոնը վճռական է Վրաստանում իշխանափոխություն իրականացնելու հարցում և արդեն իսկ արշավ է մշակել իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության վարկաբեկման համար:
«Սա միանգամայն սուտ է: Առաջին անգամը չէ, որ Ռուսաստանը նման մեղադրանքներ է ներկայացնում Վրաստանում և աշխարհի այլ երկրներում ԱՄՆ-ի ներգրավվածության վերաբերյալ, որոնք լիովին սուտ են և անհեթեթ», – մեկնաբանել է հաղորդագրությունը Միլլերը:
Նախօրեին ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը, վկայակոչելով իր տվյալները, հայտնել էր, որ ԱՄՆ-ն «վճռական է հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երկրում իշխանափոխության հասնել»:
«Ջո Բայդենի վարչակազմն արդեն մշակել է լայնածավալ տեղեկատվական արշավ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը վարկաբեկելու համար», – ասվում էր գերատեսչության հաղորդագրությունում:
Ըստ ՌԴ հետախուզական ծառայության՝ ամերիկացի «համակարգողները» Վրաստանում ընդդիմադիր ուժերին «արդեն հրահանգել են սկսել երկրում բողոքի ցույցերի ծրագրումը՝ կապված ընտրությունների հետ»։ Ընդ որում, ըստ ռուսական կողմի պնդման, «իշխանափոխության հիմնական շարժիչ ուժը պետք է լինի Թբիլիսիի բնակչությունը»։
«Վաշինգտոնը ծրագրում է այս բոլոր իրադարձությունների հիմքում դնել հակառուսական գաղափարախոսությունը՝ Մոսկվային մեղադրելով Վրաստանի բոլոր դժբախտությունների համար։ Շեշտը դրվելու է «Վրացական երազանք»-ի «քաղաքական անկախության բացակայության» մեղադրանքների վրա: Հակակառավարական տրամադրություններ հրահրելու գործում առանցքային դերը պետք է կատարի Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին: Ինչպես պլանավորել են «վաշինգտոնյան ռեժիսորները», պետության ղեկավարը հարցազրույց կտա ամերիկյան լրատվամիջոցներից մեկին և Վրաստանի կառավարությանը կմեղադրի ԵՄ-ին Թբիլիսիի անդամակցության բանակցային գործընթացի «դեգրադացիայի» համար, հասարակությանը կզգուշացնի Մոսկվայի հետ մերձեցման աղետալի հետևանքների և Ռուսաստանից վերաբնակիչների կողմից Վրաստանին հասցված վնասի մասին», – նշված էր հաղորդագրությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: