Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում
Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում։
«Ազատություն» ՌԿ փոխանցմամբ, հերթապահող պարեկները բոլոր անցնող մեքենաներին ցույց են տալիս Աճարկուտ գյուղով անցնող այլընտրանքային ճանապարհը, որն արդեն ասֆալտապատ է ու զուգահեռաբար դեռ աշխատանքներ են ընթանում։
Դպրոցի հարակից հատվածում, որտեղ սահմանային երեք մետրանոց պատ է կառուցվում, ճանապարհը փորված է։ Ենթադրաբար այդ հատվածում պատը շարունակվելու է մինչև փշալարեր։
Ու, չնայած, հայ-ադրբեջանական պայմանավորվածության համաձայն, կամուրջն ու մոտ մեկ կիլոմետրանոց ճանապարհն այս ամսվա վերջին են անցնելու Ադրբեջանին, բայց այսօրվանից փաստացի հայկական կողմն այն չի շահագործում։
«Ազատության»-ն այսօր էլ չեն թույլատրել նկարահանումներ անել կառուցվող պատի հարակից տարածքում, նաև՝ ճանապարհի այդ փորված հատվածում։ Անգամ հնարավոր չեղավ մոտենալ կառուցվող պատին։
Նշենք, որ երեկ Ճանապարհային դեպարտամենտը հայտարարություն տարածեց, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 10-ից երթևեկության համար ժամանակավորապես կփակվի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհի Կիրանց գյուղով անցնող հատվածը։ Տվյալ հատվածը վարորդները կարող են շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով։