Նախագահ Սարգսյանը երբեք չընկրկեց թուրքական նախապայմանների առաջ` մինչև վերջ առաջ մղելով հայության շահը

2008 թ․սեպտեմբերին  Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Նախագահը Երևան հրավիրեց  Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին` Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը միասին դիտելու նպատակով: Այս հետաքրքիր քայլով էլ մեկնարկեց «Ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը ստացած գործընթացը:

2008-ին Սերժ Սարգսյանին ուղղված հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեկնարկից,  նախագահն ասել էր. «Կարծում եմ, որ բնականոն հարաբերություններ ունենալն ավելի օգտակար կլինի երկու ժողովուրդների համար: Գյուլին ուղղված իմ հրավերը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում»: Իսկ Գյուլի հետ հանդիպման ժամանակ նախագահը շեշտել էր. «Մենք պետք է ձգտենք օր առաջ լուծել առկա խնդիրները և դրանց ծանրությունը չթողնել հետագա սերունդների վրա»: Չնայած հայկական կողմի լավատեսությանը, Թուրքիան ի սկզբանե մեջտեղ բերեց իր նախապայմանները, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ամբողջությամբ պայմանավորելով` մի կողմից, արցախյան  հիմնախնդրով, մյուս կողմից` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացով:

«Ֆուտբոլային դիվանագիտության» ողջ ընթացքում նախագահ Սարգսյանը երբեք չընկրկեց թուրքական նախապայմանների առաջ, մինչև վերջ առաջ մղեց Հայաստանի, Արցախի ու աշխարհասփյուռ հայության շահը` խարսխված պետականամետ քաղաքականության վրա:

Գրագետ, ճկուն դիվանագիտության արդյունքում հայկական կողմին հաջողվեց խառնել թուրքական խաղաքարտերն ու կանխել նրա երկդիմի քայլերը` մեկը մյուսի հետևից զրոյացնելով թուրքական նախապայմանները, դրանք Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կողմից դարձնելով անընդունելի:

Այսպես. Անկարայի նպատակն էր  որպես միջնորդ տեղ զբաղեցնել արցախյան բանակցային սեղանին` Մինսկի խմբի  համանախագահ երկրների շարքում: Սակայն Հայաստանը հանդես եկավ կտրուկ դիրքորոշմամբ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ադրբեջանի շահերը պաշտպանող երկիրը` Թուրքիան երբե՛ք չի կարող միջնորդի դեր ստանձնել: Հայկական դիրքորոշումը դարձավ լիովին ընկալելի համանախագահող պետությունների կողմից:

Թուրքիայի երկրորդ նախապայմանը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը  կասեցնելն էր: Սակայն այստեղ ևս Անկարային սպասում էր լրջագույն ձախողում: Հայաստանն ի լուր աշխարհի հայտարարեց` երբեք կասկածի տակ չի դնի   1915 թվականին Արևմտյան Հայաստանում Օսմանյան Թուրքիայի կողմից արևմտահայության դեմ իրականացված Ցեղասպանության փաստը, Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կա ու մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։  Հայոց հիմնաքարային` Արցախի ու Հայոց Ցեղասպանության հարցերում նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքականությունն ամբողջությամբ խարսխված էր Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի դրույթների վրա, նա մինչև վերջ մնաց այս հարցերում վճռական` չարձանագրելով որևէ նահանջ, որևէ հակահայ զիջում:

Թուրքիայի կողմից նախապայմանների լեզվով խոսելը փաստում էր մեկ բանի մասին, որ այդ երկիրը ոչ թե նպատակ ուներ հարաբերություններ կարգավորել Հայաստանի հետ, այլ ողջ  գործընթացը  ծառայեցնել սեփական շահերին, իսկ միջազգային  հանրության մոտ ստեղծել հարաբերությունների կարգավորման իմիտացիա:

Նկատենք, որ թուրքական կողմի նման պահվածքն ամենևին անսպասելի չէր ՀՀ իշխանության համար: Բայց հարկավոր էր, որպեսզի դրանում համոզվեր աշխարհը, մասնավորաբար, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ շահագրգիռ երկրները: Եվ հայկական կողմի ազնիվ ու ճկուն քաղաքականության արդյունքում բացահայտվեց Թուրքիայի իրական դեմքը, վերջինիս կեղծավոր քաղաքականությունը:

Տարիներ անց` 2014-ին, նախագահ Սարգսյանն այս առնչությամբ ասել է. «Հայ-թուրքական գործընթացը մենք սկսեցինք ազնիվ մղումներով, որպեսզի տարածաշրջանում համագործակցությունն ու անվտանգությունը բարձրացնենք նոր մակարդակի: Եթե որևէ մեկին թվում է, որ մենք դրա դժվարությունները չէինք գիտակցում, ապա  խորապես սխալվում է: Մենք շատ լավ գիտակցում էինք, թե ում  հետ գործ ունեինք և ինչպիսի ծանր խնդիր ենք փորձում լուծել: Ընթացքում տեսաք, որ բանակցող կողմը, որին դժվար է գործընկերներ անվանել, փորձեց նախապայմաններ առաջադրել, փորձեց յուրովի մեկնաբանել որոշ գործընթացներ ու փաստաթղթի որոշ կետեր: Գործընթացի սառեցումը ևս կանխատեսելի էր, և որևէ մեկը չի կարող ասել, որ մենք մտածում էինք, որ, անպայման, կհասնենք խնդրի լուծման վերջնակետին: Պետք է գրանցենք, որ միջազգային հանրությունը` մեր գործընկեր երկրները,  մեզ բարի ցանկացողներն ու աջակցողները վերջնականապես համոզվեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների բացակայության պատճառը հայկական կողմը չէ»:

Ի սկզբանե Հայաստանը հանդես եկավ` «հարաբերությունների կարգավորում` առանց նախապայմանների» կարգախոսով, ինչն արժանացավ միջնորդ երկրների դրական արձագանքին: Չնայած թուրքական կողմի ճիգերին` բանակցություններն առաջ էին գնում ոչ թե թուրքական, այլ հայկական օրակարգով:  Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Հայաստանի իշխանությունն ու միջազգային հանրությունը կանգնած էին նույն դիրքերում, ինչպես ասում էր ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը` «խոսում էինք  նույն լեզվով»,  մինչդեռ Թուրքիան հակադիր կողմում էր` միջնորդների կողմից մերժված նախապայմանների իր քաղաքականությամբ:

Եվ այսպես, հակադրվելով թուրքական նախապայմաններին, Հայաստանը հստակ ներկայացրեց իր դիրքորոշումը`առաջ քաշելով սեփական կարմիր գծերը.

-հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների,

– հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի՛ կարող կապված լինել ղարաբաղյան հիմնախնդրի հետ,

-հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի՛ կարող հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստն ու կանգնեցնել միջազգային ճանաչման գործընթացը։

Գործընթացի սկզբից մինչև վերջ Հայաստանի նախագահ Սարգսյանն ու ԱԳ նախկին նախարարը Էդվարդ Նալբանդյանը վճռականորեն հայտարարում էին առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման մասին, անընդունելի համարում  թուրքական նախապայմանները: Միաժամանակ, զգուշացնում,  որ թուրքական կողմի քայլերը կարող են հանգեցնել  բանակցությունների ձախողման: Սրանով  հայկական կողմը հեռատեսորեն իրազեկում էր գործընթացով շահագրգիռ գերտերություններին` բանակցությունների  տապալման դեպքում մեղավորը Թուրքիան է լինելու:

Հանդիպելով հայկական կողմի սկզբունքային, ճկուն դիվանգիտությանը` Թուրքիան համոզվեց, որ իր առջև ոչ թե մի խեղճ երկիր է, այլ իր ազգային, պետական շահը գիտակցող, ինքնիշխան պետություն, որին ի զորու չէ ծնկի բերել ու դարձնել իր  դիվանագիտության խարդավանքների զոհ: Թուրքիային չհաջողվեց նախապայմաններ թելադրել հայկական կողմին: Թուրքական իշխանությանը մնում էր ինքնակամ հետքայլ անել` հրաժարվել արդեն իսկ ստորագրված Ցյուրիխյան արձանագրությունների վավերացումից: Այս կերպ, փաստորեն, Թուրքիան հրաժարվեց կատարել  միջազգային հանրության առջև ստանձնած իր պարտավորությունները: Եվ բոլորի համար ակնհայտ դարձավ, որ հե՛նց այդ երկիրը իր նախապայմաններով, իր ապակառուցողական քաղաքականությամբ վիժեցրեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման Ցյուրիխյան գործընթացը:

Նախագահ Սերժ Սարգսյան. «Շատերը մեզ  ասում էին, որ այդ փաստաթղթերը հայանպաստ չեն, և Թուրքիայի շահերից են բխում, այդ դեպքում ինչո՞ւ թուրքերը չվավերացրին այդ փաստաթղթերը: Այսինքն՝ իրենք իրենց շահը չգիտե՞ն… Ակնհայտ է, եթե այդ փաստաթուղթը  բխեր թուրքերի շահերից, նրանք վաղուց  ոչ մի բանի առջև կանգ չէին առնի և հանգիստ կվավերացնեին: Եթե այդ փաստաթղթերը բխեին թուրքական կողմի շահերից, դրանք լարվածություն չէին առաջացնի Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Այսքանը»:

Թուրքական կողմի հետքայլից հետո` 2018-ի մարտին, Երևանը ևս չեղարկեց Ցյուրիխյան արձանագրությունները: Միջազգային հանրությունը տվեց այսպիսի գնահատական. «Հայաստանն արեց իրենից կախված ամեն ինչ, հիմա հերթը Թուրքիայինն է: Գնդակը Թուրքիայի դաշտում է»։ Այս ձևակերպումը, ի դեպ, դարձավ թևավոր խոսք և երկար ժամանակ չէր իջնում միջազգային լրատվամիջոցների առաջին էջերից:

«Ֆուտբոլային դիվանագիտության» ողջ գործընթացում  Հայաստանի իշխանությունը գործեց ազնիվ, թե՛ հայ ժողովրդի հետ`  հրապարակելով  բանակցային փաթեթն ու ոչինչ չթաքցնելով սեփական ժողովրդից, թե՛ աշխարհի հետ: Շնորհիվ  նախագահ Սարգսյանի ու նրա դիվանագիտական թիմի հեռատեսության, մեր երկիրն այդ վճռական գործընթացից դուրս եկավ արժանապատվորեն, որպես սկզբունքային, իր դիրքորոշմանը հավատարիմ ու վստահելի գործընկեր: Աշխարհն արձանագրեց`  թափանցիկ, ազնիվ, միջազգային հանրության համար ընկալելի ու ընդունելի  հայկական դիվանագիտության մասին:

Հիշեցնեմ, որ  «Ֆուտբոլային դիվանագիտությանը» հաջորդած տարիներին կրկնապատկվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվը:  Հայաստանը դարձավ այն պետությունը, որն աշխարհով մեկ  բարձրաձայնեց  ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների դատապարտման և կանխարգելման մասին` կազմակերպելով  միջազգային բազմաթիվ համաժողովներ։

Վերջերս խոսելով «Ֆուտբոլային դիվանագիտության» մասին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բացել էր փակագծերը` հակիրճ ներկայացնելով հայկական կողմի հիմնական նպատակը. «Մեր իշխանության  նպատակը ոչ թե Թուրքիայի հետ ճանապարհների բացումն էր կամ տնտեսական կապեր հաստատելը, այլ Հայաստանի անվտանգությունն ապահովելը։ Մեր ցանկությունն էր, որ Թուրքիային հեռու պահենք գոնե Ադրբեջանին բացահայտ ռազմական աջակցություն ցույց տալուց»:

Շարունակելի

Արմինե Սիմոնյան

Հիշեցնենք. 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններ:

2010 թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի պատճառով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև արձագանքելով ՀՀ իշխող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղ դիմումին, ՀՀ Նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին: