Դիմակավորված երկու անձինք հարձակվել են Շահե Աճեմյանի վրա, հարվածել գլխին․ 168.am

Երեկ երեկոյան մոտավորապես ժամը 22։30-ի սահմաններում Արզումանյան փողոցում դիմակավորված երկու անձինք հարձակվել են ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի հիմնադիր Շահե Աճեմյանի վրա, հարվածել են նրա գլխին, սակայն, երբ վերջինս նրանցից մեկին հարված է հասցրել՝ դիմակավորված անձինք թողել ու հեռացել են։

168.am-ի հետ զրույցում, պատմելով միջադեպի մանրամասների մասին, Շահե Աճեմյանն ասաց, որ չգիտի, թե հարձակվողներն ովքեր են եղել, իր համար պարզ չէ։

«Ես թշնամի շատ ունեմ, իսկ երբ մարդ թշնամի է ունենում, իր վրա հարձակում կլինի, ու այդքան թշնամու միջից, չի իմանա՝ ով է հարձակվողը։

Ապրում եմ Արզումանյան-Շինարարներ խաչմերուկում, երեկոյան իջա խանութ, ճանապարհին հետևից հարվածեցին գլխիս, պարանոցիս։ Հասցրեցի շրջվել ու տեսա՝ երկու անձ էին, երկուսն էլ՝ դիմակավորված, մեկին հասցրեցի հարվածել, նա ընկավ, երկու-երեք քայլ հետ գնացի, գետնին ընկածը վեր կացավ, ու երկուսն էլ հեռացան։ Իրենց արտաքինից դատելով՝ երիտասարդ էին, մոտ 25 տարեկան կլինեին։

Առաջին անգամ է, որ ինձ հետ նման բան է տեղի ունենում։ Ոստիկանություն չեմ դիմել, ոչ էլ դիմելու եմ, որովհետև այսօրվա ոստիկանության նկատմամբ հավատ չունեմ, և գուցե այդ հարձակումն իշխանության կողմից կազմակերպված է»,- նշեց Շահե Աճեմյանը։

Նրա կարծիքով՝ հարձակման պատճառն իր ընդդիմադիր հայացքներն են ու քննադատությունները, որոնք հնչեցնում է իշխանության հասցեին, այլ պատճառ չի տեսնում։

«Ես անհատական որևէ մեկի հետ խնդիր չեմ ունեցել, որ իրենք էլ ինձ հետ խնդիրներ ունենան, սա քաղաքական մի բան էր։ Անցած լինի, անցավ-գնաց։

Այս ամենը ինձ որևէ բանով չի խանգարելու, որպեսզի ասեմ այն, ինչ ասել եմ մինչ այս։

Այս պահին գլուխս է մի քիչ ցավում, բայց լուրջ բան չկա։ Հարվածելուց հետո բժշկի եմ գնացել, ստուգում եմ անցել»,- եզրափակեց Շահե Աճեմյանը։