Մանրամասներ՝ Արցախում սննդային թունավորման դեպքերի ու դրանց պատճառների վերաբերյալ

«Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն բաժանմունքում սննդային թունավորմամբ ստացիոնար բուժում է ստանում 22 հիվանդ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Օֆելյա Հարությունյանը:

«Փետրվարի 25-ին՝ ժամը 14:00-ին, կանչ ստացանք «Արևիկ» մանկական հիվանդանոցից՝ հերթական թունավորման մասին: Երեք երեխա անմիջապես հոսպիտալացվել էին: Մեկնած բժշկական խմբի հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ փետրվարի 23-ին՝ ժամը 18:00-ին, 28 դպրոցականներ «Անի-ֆուդ» անվամբ հանրային սննդի կետ են այցելել, մասնակցել միջոցառման, որտեղ նրանց մատուցվել են բլիթներ, հավի մսով կարկանդակներ, աղցաններ, երշիկեղեն և այլ ուտեստներ: Մենք փորձանմուշներ ենք վերցրել օգտագործված մթերքից և ուղարկել փորձաքննության: Արդյունքում եփած ձվի և հավի կրծքամսի մեջ օրգանիզմի համար վնասակար վիրուս է հայտնաբերվել՝ սալմոնելոզ հիվանդությունը, որի վարակակիրները համարվում են թռչունները»,-մանրամասնել է «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» տնօրենի պաշտոնակատարը:

Նա հավելել է, որ «Անի-ֆուդ» սննդի կետի ողջ անձնակազմն անմիջապես հետազոտվել է: Պարզվել է, որ նրանցից 7-ը եղել են սալմոնելոզ հիվանդության վարակակիրներ:

«Փետրվարի 25-ից մարտի 3-ը 72 հոգի լաբորատոր հետազոտություն է անցել: Նույն վարակը հայտնաբերվել է 48-ի մոտ, որից 34-ը՝ երեխաներ: Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 հիվանդ՝ այդ թվում 15 երեխա»,-նշել է Օ. Հարությունյանը:

«Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ-վարակաբան Անուշ Գալստյանի խոսքով՝ փետրվարի 25-ից առ այսօր բաժանմունք է դիմել կլինիկական նույն սիմպտոմներով 29 հիվանդ, որոնցից 22-ը երեխաներ են:

«Նրանց մոտ մենք նախնական ախտորոշել ենք սննդային թունավարակ: Հիվանդները նշել են, որ իրենց մոտ եղել է հաճախակի փորլուծություն, բարձր ջերմություն, փսխումներ, ուժեղ փորացավ: Հիվանդների մեծ մասի մոտ ախտորոշվել է սանմանիոզ: Անմիջապես սկսել ենք հակաբակտերիալ, ինչպես նաև՝ դեզինտոքսիկացիոն թերապիաներ, սիմպտոմատիկ նշանակումներ: Մեծ մասն արդեն դուրս է գրվել, կան նաև արդեն առողջացողներ: Այսօր էլ հիվանդների դիմելիությունը շարունակվում է: Բոլորը նշում են սննդի մեկ օբյեկտից սնունդ պատվիրելու կամ այնտեղից օգտվելու փաստը, որից մեկ-երկու օր անց իրենց մոտ սկսվել է կլինիկական նշաններ»,-մանրամասնել է Ա. Գալստյանը՝ նշելով, որ դիմողները աշակերտներ են, ուսուցիչներ ու ծնողներ: