Արգիշտի Քյարամյանը փողոցային պահվածք է դրսևորել զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ. Կարին Տոնոյան

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն այսօր տեղի ունեցած ասուլիսում մանրամասներ ներկայացրին օրեր առաջ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպումից՝ նշելով, որ դրանից հետո պահանջում են, որ իրենց գործը Քննչական կոմիտեից փոխանցվի Ազգային անվտանգության ծառայությանը։

«Ցանկացած պաշտոնյա պետք է հասկանա, որ իրենք գործ ունեն զոհվածների ծնողների հետ, որոնք վիրավոր հոգի ունեն, հետևաբար, պետք է դրսևորեն բացարձակ համբերատար, հարգալից վերաբերմունք, սակայն այդ օրը մենք չտեսանք այդպիսի պահվածք»,- ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը` Կարին Տոնոյանը։

Նա նշեց, որ ծնողներին զարմացրել է Քյարամյանի պահվածքը։

«Նրա խոսքում եղավ սադրիչ դրույթ, ինչի հետևանքով ծնողների հետ վիճաբանություն սկսվեց։ Մենք ապշած էինք, երբ տեսանք նման բարձր պաշտոն զբաղեցնող երիտասարդի կողմից նման պահվածք, որը բառացիորեն ավելի շատ փողոցային պահվածք էր, երբ նա ծնողներին հրավիրում էր անձնական հաշվեհարդարի կամ հարց լուծելու։ Որոշ մայրեր, այդ թվում` ես, չհանդուրժելով այդ տեսարանը, դուրս եկանք»,- պատմեց Կարին Տոնոյանը։

Ըստ նրա՝ թեև այդ միջադեպից հետո Արգիշտի Քյարամյանը ներողություն է խնդրել, սակայն իրենք արդեն հոգնել են այդ ներողություններից։

«Հիմա մենք պահանջում ենք և հասնելու ենք դրա կատարմանը, որ գործը քննվի առերևույթ պետական դավաճանության 299 հոդվածով: Ծնողների մի քանի խմբերի, ինչպես նաև փաստաբանների կողմից դատախազություն են ներկայացվել հանցագործության վերաբերյալ հաղորդումներ, քանի որ Նիկոլ Փաշինյանը դիտավորությամբ կատարել է այնպիսի արանքեր, որոնք օգնել են թշնամի պետությանը, որ նրանց զինված ուժերը վերադառնան Արցախի ազատագրված տարածքներ և նույնիսկ ներխուժեն ՀՀ սուվերեն տարածք։ Մեր համոզմամբ՝ կատարվել է առերևույթ պետական դավաճանություն։ Այդ հիմքով գործ հարուցելու համար կան բոլոր փաստերը»,- նշեց Կարին Տոնոյանը։

Հանցագործության մասին բոլոր հաղորդումները կցել են Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությունների քրեական գործին: Նշենք, որ քրգործը հարուցվել է քրեական օրենսգրքի 308 հոդվածի երկրորդ մասով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Այսպիսով, գործը հանձնել են քննչական կոմիտեին, ինչը ծնողների գնահատմամբ, միտումնավոր է արվել։

«Մենք կարծում ենք, որ դա միտումնավոր է արվել, քանի որ Արգիշտի Քյարամյանը պատերազմի օրերին ԱԱԾ պետ էր, բնականաբար, շատ լավ տեղյակ է, թե ինչ է կատարվել։ Դրա համար վստահություն չունենք, որ այդ մարմինը կարող է պատշաճ քննություն իրականացնել։ Թեև հանդիպման ժամանակ Քյարամյանը նշեց, թե ով է ասել, որ իրենք ավելի վատ կտանեն քննությունը, քան ԱԱԾ-ը, քանի որ ԱԱԾ-ն ուղիղ ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին, իսկ իրենք չեն ենթարկվում։ Մենք գիտենք, որ նույնիսկ դատական համակարգը, որը բացարձակապես անկախ պետք է լինի, ենթարկվում է Փաշինյանին։ Սակայն մեր պահանջն է, որ գործը փոխանցվի ԱԱԾ-ին, և անպայման մեղադրանք ներկայացվի Փաշինյանին և նա կանչվի հարցաքննության»,- հայտնեց Կարին Տոնոյանը։