ՀԱՊԿ-ում կստեղծվի կենսաբանական անվտանգության հարցերով զբաղվող խորհուրդ

Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները Դուշանբեում կայացած նիստում որոշում են ընդունել կենսաբանական անվտանգության հարցերով լիազոր մարմինների համակարգող խորհրդի ստեղծման մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի հաղորդագրությանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ստեղծվող համակարգող խորհուրդը զբաղվելու է ՀԱՊԿ անդամ երկրներում կենսանվտանգության ապահովման հետ կապված իրավիճակի վերլուծությամբ, փորձի փոխանակման կազմակերպմամբ, տվյալ ոլորտում համակարգված գործունեություն ծավալելուն ուղղված քայլերի զարգացումը:

Նշվում է, որ ՀԱՊԿ վերոնշյալ նիստին մասնակցել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

ՀԱՊԿ-ն անվտանգության հարցերով միջազգային կազմակերպություն է, որի մասնակիցներն են ներկա պահին Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: