Համաձայնագրի հետ կապված շատ հարցեր կան. Եռակողմ հայտարարություն է, որը ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն ստորագրել. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ հադրութցիներին

«Հադրութը Արցախ է» կոչերով հադրութցիները Ֆրանսիայի դեսպանատան առջև նամակ փոխանեցին դեսպանություն՝ ներկայացնելով խնդիրը, հիմնական պահանջն այն է, որ իրենք էլ ունեն իրավունքեր ու ակնկալում են Ֆրանսիայի աջակցությունը։

Ցուցարարներին մոտեցավ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը և թույլ տվեց մուտք գործել դեսպանության շենքի բակ։

Հադրութցիները դեսպանին հայտնեցին, որ նամակ են փոխանցել ու հույս ունեն, որ Ֆրանսիայում ականջալուր կլինեն հադրութցիների խնդրանքին։

«Գիտեք, որ Հադրութը ֆրանսիական քույր քաղաքներ ունի և երբեք չեն համակերպվելու, որ քաղաքը կլինի Ադրբեջանի կազմում։ Ձեր պետությունը վկայել է, որ այնտեղ են եղել ահաբեկիչներ, և հույս ունենք, որ կօգնեք՝ Հադրութը փրկելու»,- հայտնեց ցուցարարներից մեկը դեսպանին։

Ջոնաթան Լաքոտն ասաց, որ տեղյակ են՝ Հադրութը ամենատուժած տարածքներից է, և ինքը սիրով կընդունի նամակը։ Վստահեցրեց՝ դեսպանության դռները նրանց համար միշտ բաց կլինի։

«Լարված իրավիճակ է, մենք գիտենք, որ Հադրութի ժողովուրդը ամենատանջված ժողովուրդներից է: Գիտենք, որ ՀՀ-ում իրավիճակը շատ բարդ է, շատ են հարցերը համաձայնագրի հետ կապված, նաև շատ հարցեր մենք ունենք, որովհետև չենք ստորագրել համաձայնագիրը: Մեր առաջնահերթությունը այս հարցում տուժած մարդկանց աջակցելն է: Այսօր նախագահ Մակրոնը հանդիպելու է ՀՀ ներկայացուցիչների հետ, նախագահ Մակրոնը ասել է, որ պետք է ներկայացվի նաև Հայաստանի շահը: Ֆրանսիայի դեսպանատունը ձեզ համար միշտ բաց է, որպեսզի ներկայացնեք ձեր խնդիրները։ Մեր համար առաջնահերթությունն է աջակցել այն մարդկանց, ովքեր տուժել են այս պատերազմի ընթացքում»,- ասաց դեսպանը։

Դեսպանը կապ հաստատելու համար կոնտակտները փոխանցեց ցուցարարներին։

Դեսպանը լրագրողների հետ առանձնազրույցում ասաց, որ ինքը համաձայնագրի մասին տեղեկացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումից։

«Անկեղծ ասած՝ ապշած եմ ու զարմացած։ Այս տեղեկությունն իմանալուց հետո, փոխանցեցի նաև Փարիզ, որտեղ փորձում են այս հայտարարությունը վերլուծել ու կարծում եմ սա մի շարք հարցերի տեղ է տալու։ Վարչապետի ստորագրած փաստաթուղթն առաջացնում է շատ հարցեր՝ կապված տարածքի անվտանգության հետ։

Դրականն այն է, որ կրակը դադարեցվել է, որ քաղաքացիական բնակչությունն այլևս չի տուժում, երիտասարդ զինվորներ չեն զոհվում։ Խնդիրն այն է, որ առաջին հերթին սա եռակողմ հայտարարություն է, որը ստորագրել է Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, և որը չի ստորագրվել Մինսկի խմբի երկու այլ համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից, մենք չգիտենք՝ ո՞րն է այս փաստաթղթի էությունը։ Մենք ունենք մի շարք հարցեր, կքննարկենք հետագայում էլ կփորձենք վեր հանել հայերի և արցախցիների շահերը»,- հայտնեց դեսպանը։