Այս գիշեր Վեհափառ Հայրապետը վերադառնում է․ժամը 00:00-ին «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու

Այս գիշեր, ժամը 01:00-ին Վեհափառ Հայրապետը վերադառնալու է Երևան։ Այս մասին իր էջում գրել է ՀՅԴ ՀՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Հայ առաքելական եկեղեցին ունի ավելի շատ պաշտպաններ, քան որևէ մեկը կարող է պատկերացնել։

Սիրելի հայրենակիցներ, այս գիշեր, ժամը 01:00-ին Վեհափառ Հայրապետը վերադառնալու է Երևան։ Ուստի Հայ առաքելական եկեղեցուն մեր զորակցությունը ցույց տալու համար կոչ եմ անում այս գիշեր ժամը 00:00-ին լինել «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի մոտ՝ դիմավորելու Վեհափառ Հայրապետին»,– նշել է նա։

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ևս կոչ է արել գնալ դիմավորելու Վեհափառին։

«Սիրելի հայրենակիցներ, Հայ առաքելական եկեղեցու բարեպաշտ զավակներ,

օրվա իշխանությունները շարունակում են հարձակումը մեր ազգի արժեքների, միասնականության, հավատքի և եկեղեցու դեմ։ Վստահ եմ՝ գիտեք, որ սրանք կարմիր գծեր չունեն։ Բարոյական չեն։ Սրբապիղծ են։ Իրենց նպատակին հասնելու ճանապարհին մեթոդների ընտրության սահմանափակումներ չունեն։ Եվ չեն էլ ունենա, եթե չհանդիպեն հստակ դիմադրության։

Սիրելի հայրենակիցներ, այս գիշեր, ժամը 01:00-ին Վեհափառ Հայրապետը վերադառնալու է Երևան։ Առաջարկում եմ այդ ժամին հավաքվել «Զվարթնոց» օդանավակայանում և դիմավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Մեր եկեղեցին պետք է հստակ իմանա, որ մենք՝ հավատավոր ժողովուրդս, իր կողքին ենք։ Եկեղեցու թշնամիներն էլ պետք է դա լավ գիտակցեն։ Վստահ եմ՝ ճիշտ կազմակերպված դիմադրությունը կստիպի ՀՀ իշխանություններին, ինչպես նաև նրանց հովանավորներին, ետ կանգնել հերթական պիղծ մտադրությունից։

Եվ այսպես, քույրեր և եղբայրներ, հավաքվում ենք «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի մոտ այս գիշեր ժամը 00:00-ին՝ դիմավորելու Վեհափառ Հայրապետին»,- գրել է նա։