Մերձավանում բախվել են թիվ 205 երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Մերձավան բնակավայրում բախվել են թիվ 205 երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի` օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են հիվանդանոցներ։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բնակչին պատկանող հողատարածքի ցանցին։