Վաղը բանակցություններ կլինեն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջև. Սերժ Սարգսյան
Վաղը բանակցություններ են տեղի ունենալու «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջև և հարցերին վերջնական պատասխաններ կստանանք։ Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հարցին՝ «Դուք և Ռոբերտ Քոչարյանը բանակցո՞ւմ եք այս պահին այդ հարցի (իմպիչմենտի գործընթացի,- խմբ.) շուրջ», Սերժ Սարգսյանը բացասական պատասխան տվեց։
Դիտարկմանը, թե կա տեսակետ, որ սկզբում ՀՀԿ-ն էր փորձում «Հայաստան» դաշինքին փակուղու առաջ կանգնեցնել կամ շախ հայտարարել, հիմա էլ «Հայաստան» դաշինքն է փորձում նույնը անել, երրորդ նախագահը պատասխանեց. «Մենք շախ ենք հայտարարել և հայտարարելու ենք միայն այսօրվա իշխանություններին։ Մենք ուրիշ շախ հայտարարելու ֆիգուր չունենք»։ Նա վստահություն հայտնեց, որ իմպիչմենտով մատ անել կստացվի։