Փաշինյանը հաստատեց, որ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է
Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը գրում է․ https://www.facebook.com/share/p/1RSeZKsRbq/
«Այսօրվա իր պարզաբանմամբ՝ Փաշինյանը հաստատեց, որ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է՝ իրենց «խաղաղության» կեղծ թեզերի հիմնավորմամբ:
Այսինքն, ՆԳՆ-ի ճիգերը հիմնավորելու այդ խայտառակությունը միջազգային ստանդարտներով հենց իրենց կողմից ժխտվում են: Էլ չասեմ, որ սխալ ու մոլորեցնող պնդումներ են անում ISO ու ICAO փաստաթղթերի վերաբերյալ:
Իսկ Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան, թե ինչ պետք է գրել, հուշեմ՝
- Գրե՛ք այն, ինչ գրված է մարդկանց ծննդականներում, դա է միջազգային ստանդարտը՝ ԽՍՀՄ կամ Հայաստան կամ ԼՂՀ (վերջինը, այո, ISO ստանդարտից դուրս է):
- Իսկ եթե քաջություն կամ քաղաքական կամք չունեք Ադրբեջանից բացի այլ պետության անվանում գրել, այդ դեպքում գրեք միայն բնակավայրի անվանումը: Ընդ որում՝ դա էլ պետք է գրել այնպես, ինչպես գրված է ծննդականներում, ոչ թե փորձեք ադրբեջանական օկուպացիոն անվանումներ գրել:
- Կարող եք նաև դատարկ թողնել ծննդավայրի դաշտը:
Եվ վերոնշյալ երեք լուծումները ամբողջապես համապատասխանում են միջազգային նորմերին ու պրակտիկային: Իսկ անձը պետք է ազատություն ունենա ընտրելու եղած տարբերակներից որևէ մեկը, ոչ թե իր վզին փաթաթեն քաղաքական իշխանության քարոզչական թեզերն ու նպատակները»:

