Հանրապետությունում շրջանառվում են գրիպի Բ տեսակի հարուցիչները․ մասնագետը հորդորում է պատվաստվել
Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվությունը։ Այն պայմանավորված է մի քանի գործոնով՝ վիրուսների առանձնահատկություններ, փակ տարածքներում մարդկանց կուտակումներ, վիրուսների փոխանցման մեխանիզմներ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկամն և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը նշեց, որ աշխարհի բազմաթիվ երկրներում ևս սուր շնչառական վարակների առումով համաճարակային իրավիճակը լարված է։
– Տիկին Գրիգորյան, կարմրուկի, գրիպի, սուր շնչառական վարակների առումով համաճարակային ի՞նչ իրավիճակ է այժմ Հայաստանում:
-Հայաստանում 2025 թվականին կարմրուկի դեպքեր չեն գրանցվել: Ինչ վերաբերում է գրիպին և սուր շնչառական վարակներին, ապա նախորդ շաբաթվա ընթացքում շարունակվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն։ Շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում շրջանառվում են գրիպի Բ տեսակի հարուցիչները, իսկ շնչառական այլ վարակներից՝ ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսի հարուցիչը:
–Իսկ ի՞նչ իրավիճակ է աշխարհում:
-Աշխարհում կարմրուկի և սուր շնչառական վարակների առումով համաճարակային իրավիճակը լարված է: 2024 թվականին ամբողջ աշխարհում գրանցվել է կարմրուկի 359 հազար 521 դեպք: ԱՀԿ-ն հայտնում է եվրոպական տարածաշրջանում վերջին 25 տարում կարմրուկի ամենաշատ դեպքերի գրանցման մասին: Միայն 2023 թվականին տարածաշրջանում 500 հազար երեխա բաց է թողել կարմրուկի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը: Այս առումով մեր երկրում վիճակը կայուն է, սակայն իրազեկման աշխատանքները շարունակում ենք:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։