Հոգևոր Հայաստանը պիտի հաղթի Նեռին

2018 թվականի իշխանափոխությունից հետո մի խումբ անձինք միավորվեցին և հանդես եկան նախաձեռնությամբ՝ «Նոր Հայաստան, նոր հայրապետ», այսպիսով շարժման մասնակիցները փորձում էին «հեղափոխական մթնոլորտը» տարածել նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա։ Նրանք պնդում էին, որ եկեղեցու առաջխաղացման խոչընդոտը Կաթողիկոսն է, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներ և բազմաթիվ եկեղեցականներ չէին կիսում եկեղեցու վերնախավի քաղաքականությունը, ուստի պահանջում էին Կաթողիկոսի հեռացումը։

Զավեշտն այն էր, որ Կաթողիկոսի հեռացումը պահանջող շարժման մասնակիցները մերժում էին նաև երկրորդ և երրորդ նախագահներին, որոնք արդեն իշխանության գլուխ չէին և նրանց «հակահեղափոխական» էին անվանում։ Սակայն տվյալ նախաձեռնությունը հաջողություն չունեցավ և Կաթողիկոսը մինչև այսօր շարունակում է իր հոգևոր ծառայությունը։

Այս քայլը լավագույն հուշումն էր, որ առանց նորընտիր իշխանությունների «դաբրոյի»՝ տվյալ նախաձեռնությունը չէր իրականացվի և որ Հայ Առաքելական  Սուրբ Եկեղեցու և հեղափոխական իշխանությունների միջև հարաբերություններն ամենևին էլ հանդարտ հունով չեն գնալու։

Անցել է շուրջ 6 տարի և իշխանությունից շատերն իրենց իրական «հավատարմությունն ու նվիրումն» են ցույց տվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և նրա սպասավորներին։ Հիշեցնեմ թերևս ամենթարմ օրինակներից մեկը, երբ Առաջին Հանրապետության տոնի առթիվ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին և մյուս հոգևորականներին  ոստիկանները խոչընդոտեցին մտնել Սարդարապատի հուշահամալիր՝ ծաղիկ խոնարհելու և հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին, ոստիկանները շղթա կազմած հրում էին հոգևոր դասի ներկայացուցիչներին, սա պատմության մեջ գրանցված առաջին ու հուսանք՝ միակ խայտառակ ու անվայել պահվածքն էր, որ իրականացվեց Վեհափառի և մյուս հոգևորականների նկատմամբ։  Հարցին՝ թե ինչո՞ւ ոստիկանները թույլ չեն տալիս Կաթողիկոսին բարձրանալ հուշահամալիր, պատասխանել էին՝ տեղյակ չեն, ավելին՝ նրանք հասցրել էին պոկել Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի՝ Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշանը։ Դե ո՜նց կարելի էր հոգևոր դասի ներկայացուցիչներին թույլ տալ մտնել հուշահամալիր, երբ րոպեներ անց պետք է ժամաներ Փաշինյանը և բոլորի խնդիրը մեկն էր՝ ապահովել նրա անխափան շոուն։

Չընկնելով հիշողությունների գիրկը՝ վերադառնանք մեր օրեր, տեսնելով, որ պայքարի բոլոր միջոցներն անզոր են մարդամեկին աթոռից պոկելու՝ իրավիճակն իր ձեռքը վերցրեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Երբ Հայոց պատմություն էի ուսումնասիրում և հասկանում, որ ամենադժվար և անորոշ պահերին եկեղեցին է իր ձեռքը վերցրել պատմության ընթացքը՝ պայքարելով և առաջնորդելով մոլորյալ և անիշխան ժողովրդին, մտածում էի՝ պատմական ինչ ծանր ժամանակներ ենք ապրել մենք՝ հայերս, որ եկեղեցին է ստիպված եղել մարտնչել թշնամու դեմ, պայքարել, հայապահպան ու ազգապահպան գործունեություն ծավալել։ Ժամանակը ցույց տվեց, որ պետք չէր զարմանալ, քանի որ այժմ մենք նույն իրավիճակում ենք հայտնվել և տպավորություն է, որ այսօր միգուցե վերջին հույսը մնացել է եկեղեցին՝ երկրում իրավիճակ փոխելու։ Թե որքանով է դա ստացվում կամ ոչ, դա այլ թեմա է, կամ ինչո՞ւ ընդդիմության ձեռնարկած քայլերն իրենց նպատակին չեն հասնում և վերջին պահին ինչ-որ խոչընդոտ է առաջանում։ Բայց որ Սրբազան հայրը ամենամեծ շանսերն ունի հոգևոր Հայաստանը վերականգնելու՝ դրա վառ ապացույցներից մեկը մայիսի 9-ի լեփ-լեցուն հրապարակն էր, իշխանությունների նկատմամբ հանրության օրըստօրե հասունացող անվստահությունը, հանցավորության ու անօրինության կտրուկ աճը, աղքատությունը, իհարկե, ինչու-ները շատ-շատ են, բայց շանսերը ևս մեծ են, պետք է ընդամենը ցանկություն, որին կհաջորդի միասնականությունը, անհիմն ամբիցիաներից հրաժարումը։

Որքան էլ շատերը վախենում են նախկինների ստվերից, քննադատում են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, թե հանդիպում է նախկին նախագահների հետ կամ թե նախկին նախագահների կուսակիցներն աջակցում են Սրբազան հորը, պարզ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ չպետք է աջակցեն։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեծ հարգանքով է վերաբերվել եկեղեցու, հոգևոր դասի նկատմամբ, պետություն-եկեղեցի հարաբերությունները եղել են բարձր մակարդակի վրա։ Նա առաջնորդվել է այն գիտակցումով, որ եկեղեցին ազգային նկարագրի, մշակույթի, կրոնի, պատմության, ինքնության, հավատքի, միասնականության, ազգապահպանման կարևոր հենքերից է, ուստի եկեղեցի- պետություն կապը միշտ ամուր հիմքերի վրա է պահել՝ ի բարօրություն պետության և ժողովրդի։ Պատահական չէ, որ երրորդ նախագահը իր ուղերձներում մշտապես հիշատակում է եկեղեցու կարևոր դերը հայ ժողովրդի կյանքում և երախտիքի խոսքեր է հնչեցնում եկեղեցու և նրա սպասավորների հասցեին։

Այժմ էլ, երբ եկեղեցու ներկայացուցիչը փորձում է քայլեր ձեռնարկել հայրենիքի փրկության հարցում, որին աջակցում է նաև երրորդ նախագահը, հանրության որոշ հատված քննադատում է։Իսկ ինչու պիտի երրորդ նախագահը չաջակցի մի շարժման, որտեղ ասվում է, որ Արցախը հայկական է, Հայաստանը չպիտի կզի թուրքի առաջ, Ալիևի բոլոր պահանջները չպիտի անվերապահորեն ընդունվեն։ Ի վերջո այս իշխանությունները մսխել են նախկինների հաղթանակը և ցանկացած պայքար, որը դեմ է լինելու այս իշխանությունների զիջողական քաղաքականությանը, բոլոր երեք նախագահները պիտի աջակցեն։

Եվ ինչպես Սրբազան հայրն է ասում՝ Հոգևոր Հայաստանը պիտի հաղթի Նեռին, այլ տարբերակ պարզապես չկա։