Նախկին հյուպատոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «2025-ի ամռանը «Հրապարակը» գրեց, որ հենց օդանավակայանում հայ կին դիվանագետ է ձերբակալվել` լրտեսության կամ պետական դավաճանության մեղադրանքով, որին հաջորդել էին ԱԳՆ-ում խուզարկություններ, համակարգիչների ու փաստաթղթերի առեւանգում, սակայն մեր բոլոր հարցումներին ի պատասխան ԱԳՆ-ից եւ քննչական մարմիններից եռանդով հերքում էին այդ տեղեկությունը: Սակայն մի քանի օր անց հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Ավստրիայում նորանշանակ հյուպատոս Աշխեն Ալեքսանյանը, ով անձնային կապ է ունեցել մի ադրբեջանցու հետ եւ նրան ՀՀ իրավապահները մեղադրում են պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ փոխանցելու համար։ Համացանցը թնդում էր այդ տեղեկություններից, աղջկա լուսանկարը հրապարակվեց, լուտանքներ տեղացին նրա հասցեին: ԱԳՆ-ն անմիջապես իր կայքից հեռացրեց Ալեքսանյանն վերաբերող ամբողջ տեղեկատվությունը եւ անգամ նշանակման հրամանը։
Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց․ «2025 թվականի հունիսի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով եւ 424-րդ հոդվածի 1-ին մասով առերեւույթ հանցանքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակցի կողմից լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու համար պայմաններ ստեղծելու, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելու դեպքի վերաբերյալ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԳՆ աշխատակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն)»»։
Ալեքսանյանը մեղադրանքը չէր ընդունում, նրան կալանավորեցին, սակայն պաշտպանը պնդում էր, որ մեղադրանքն անհիմն է։ Իսկ մոտ մեկ ամիս առաջ Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանը Ալեքսանյանին արդարացրեց պետական դավաճանության հոդվածով՝ վերաորակելով առաջադրված մեղադրանքը։ Ըստ դատարանի՝ Ալեքսանյանի գործողություններում առկա են ոչ թե պետական դավաճանության, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) նախատեսված արարքի հատկանիշներ։ Ստացվում է, որ երիտասարդ կնոջը քննիչ-դատախազով պախարակեցին, մեղադրեցին պետական դավաճան լինելու մեջ, մեղադրանքից բորբոքված մարդիկ սոցցանցերում հայհոյանքներ տեղացին կնոջ գլխին, իսկ պարզվեց նա անմեղ էր, համենայն դեպս` դավաճանություն կամ լրտեսություն չէր եղել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

